Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղի երեխաների համար համագյուղացի երիտասարդների նախաձեռնությամբ և «Երիտասարդական գաղափար» ծրագրի աջակցությամբ այսուհետև նոր խաղահրապարակ կգործի։
Խաղահրապարակն իրականություն դարձավ «Երիտասարդական գաղափար» ծրագրի մրցույթը հաղթելու արդյունքում: Ռադիկ Եզոյանը ընկերների հետ Youth Bank Georgia-ի հերթական մրցույթի 3 հաղթողներից մեկն էր: Հաղթել են գյուղում խաղահրապարակ կառուցելու, քաղաքի այգին ձևավորելու և գյուղի ֆուտբոլի երիտասարդական թիմին համազգեստներով ապահովելու ծրագրերը։
Ռադիկ Եզոյանը և նրա ընկերները գյուղում խաղահրապարակ կառուցելու համար ծրագրի գումարով ձեռք են բերել համապատասխան պարագաներ և ներկեր։ Երիտասարդները ուրախ են, որ սեփական գյուղի երեխաների ուրախության առիթ են ստեղծել։
«Իմ ամենօրյա շփումը երեխաների հետ ցույց է տալիս, որ մեր մանուկները զբաղվելու քիչ միջոցներ ունեն, և որոշեցի, որ արժե փորձել օգտվել ընձեռված հնարավորությունից և մանուկների համար հաճելի խաղահրապարակ ստեղծել», – ասում է Ռադիկ Եզոյանը։
Նրա համար սա արդեն երկրորդ ծրագիրն է, որ իրականացնում է Youth Bank-ի աջակցությամբ: Անցած տարի Դիլիսկայի դպրոցը անհրաժեշտ պարագաներով համալրվեց նույն ծրագրով:
jnews-ը հետամուտ կլինի և իր ընթերցողին կներկայացնի մրցույթն հաղթած մյուս երկու ծրագրերի արդյունքները ևս։