Մայիսի 11-12 Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնում անցկացվում է ինտելեկտուալ մրցույթ, որը կրում է «Մեկ ազգ, մեկ բռունցք» խորագիրը:

Ինտելեկտուալ մրցույթը նվիրված է մայիսյան հաղթանակներին: Դեռևս հունվար ամսից մրցույթին մասնակցող թիմերին տրամադրվել է հարցաշար՝ հայոց պատմությունից, գրականությունից, երգից և պարից, որպեսզի երեխաները կարողանան ներկայանալի մասնակցություն ունենալ:

«Ինչպես ամբողջ աշխարհի հայությունը, այնպես էլ ջավախահայությունը մեծ շուքով նշում է մայիսյան բոլոր հաղթանակները և դեռ պիտի հասնենք մայիսի 28: Այսօր սկիզբն ենք դրել առաջին փուլի, որին կմասնակցեն 6 թիմ», – ասաց Երիտասարդական կենտրոնի պատասխանատու Կարինե Թադևոսյանը:

Մրցույթն անցկացվում է վիճակահանության սկզբունքով և այսօր մասնակցեցին «Աբուլ», «Էրզրում» և «Գուգարք» թիմերը, որոնք համապատասխանաբար ներկայացնում են՝ Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնը, Կիրովական գյուղի հանրային դպրոցը և Նինոծմինդայի Երիտասարդական կենտրոնը:

Իսկ վաղը իրենց գիտելիքներով կպայքարեն Ախալցխայի Երիտասարդական կենտրոնի, Բարալեթի հայկական հանրային դպրոցի և Թբիլիսիի «Հայարտուն» կենտրոնի թիմերը:

Մրցույթի արդյունքում եզրափակիչ փուլ դուրս կգան երեք թիմեր և ևս մեկ թիմ ժյուրիի ընտրությամբ կմիանա նրանց:

Երիտասարդական կենտրոնը ինտելեկտուալ մրցույթի մասնակիցներին խրախուսելու նպատակով բոլորին մասնակցության համար պատվոգրեր և հուշանվերներ կհանձնի, առաջատար թիմերին՝ համապատասխան դիպլոմներ, հաղթողներին նաև սպասվում է անակնկալ՝ էքսկուրսիա դեպի Հայաստան:

Աղունիկ Այվազյան