Այսօր, Ախալքալաքի շրջանի Սակրեբուլոյում տեղի ունեցավ Բյուրոյի նիստ, որի արդյունքը եղավ այն, որ փոփոխությունների հերթական փաթեթը, որը քննարկվել էր ապրիլի 3-ին ֆինանսական հանձնաժողովի կողմից վերադարձվեց քաղաքապետարան վերանայման:

Փոփոխությունների ընդհանուր գումարը կազմում է 485 705 լարի: Փաթեթում 9 փոխոխություններ կան: Փոփոխությունների երկու կետ ներկայացվել է քաղաքապետարանի տնտեսական զարգացման և գույքային ծառայության կողմից: 1500 լարի երկրաբանական հետազոտության համար, որն անհրաժեշտ է շտապ օգնության նոր շենքի կառուցման նպատակով և 400 լարի գյուղի ծիսակատարության տան գազի վառարան ձեռք բերելու համար: Այս փոփոխությունների վերաբեյալ Սակրեբուլոյի պատգամավորները հարցեր չունեին, իսկ պահանջվող գումարը ուղղման ենթակա չէ:

ՍՊԸ «Ախալքալաքի սպասարկման կենտրոն»-ին վերաբերվող կետերը նույնպես ենթակա չեն փոփոխության:

Հանրային առողջապահության կենտրոնը խնդրում էր 3628 լարի, որից 2523 լարի աշխատողների դեկրետայինի համար և 1150 լարի կազմակերպության շենքի պատուհաններին շերտավոր վարագույրների տեղադրման համար: Առաջին գումարի հետ կապված պատգամավորներն որևէ հարց չունեին, բայց երկրորդ մասի համար ծախսերը այս պահին համարեցին աննպատակահարմար:

Մշակույթի, սպորտի, զբոսաշրջության և հուշարձանների պահպանության ծառայությունը ներկայացրել էր երեք փոփոխություն:
Առաջին փոփոխությունը վերաբերվում էր մանկապարտեզների սննդի գումարին: Պատգամավորները համաձայնվել են պահանջվող 41 427 լարիի փոխարեն մանկապարտեզներին կերակրման համար հատկացնել 21 427 լարի: Գենդերային հավասարության համար պահանջվող գումարը նույնպես կրճատվել է 4400-ից մինչ 3600 լարի: Բացի այդ, պատգամավորները հրաժարվեցին տրամադրել 2250 լարի գումար Մաջադիա գյուղի թենիսի խմբակի մարզիչի աշխատավարձի համար: Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի խոսքերով, նրանք կբավարարեն մարզիչի աշխատավարձը, միայն դրույքի բացվելուց հետո:

Փոփոխությունների փաթեթը վերադարձվել է քաղաքապետարան, որպեսզի այն վերանայվի ըստ նկատառումների և հիմնավորվի փաթեթի հաջորդ ներկայացմանը բյուջեի և ֆինանսների հանձնաժողով:

Շուշան Շիրինյան