Ախալքալաքի 3-րդ մանկապարտեզում վերանորոգված սենյակներում բացակայում է շրիշակ հասկացողությունը, իսկ դուռն առանց ապակիների ու բռնակի է: Սակայն, ինչպես պարզվեց, վերանորոգումը իրականացված է ըստ նախագծի:

3-րդ մանկապարտեզում նոր խմբերի բացման ժամանակ պարզ դարձավ, որ առհասարակ բացակայում են շրիշակները: Խաղասենյակից ննջասենյակ տանող դուռը ապակի և բռնակ չունի: Որոշ սենյակներում բացակայում է էլեկտրականությունը: Ավելի վաղ Jnews-ը խնդրի մասին բարձրաձայնել էր «Նոր խումբ հին մահճակալով» վերտառությամբ հոդվածում: Փորձեցինք ճշտել, թե ով է պատասխանատու այս ամենի համար և ինչու է վերանորոգումը իրականացվել որոշակի թերություններով:

Շինարարությունն իրականացրած Ինտեր ընկերության տնօրենն ասաց. «Այն ինչ նախատեսված է եղել, մենք իրականացրել ենք, պլինտուզ չի եղել նախագծով: Իսկ ինչ վերաբերում է դուռ պատուհաններին, ապա դա ուրիշ ընկերություն է իրականացրել: Մեզ հետ կապ չունի»:

Նույն բացատրությունն են տալիս նաև Մանկապարտեզների միավորման տնօրենը և Ախալքալաքի քաղաքապետարանի աշխատակիցները:

«Ինչ-որ նախագծով նախատեսված է եղել, դա իրականացված է, մենք էլ ընդունել ենք: Պարկետով (մանրահատակ) հատակն ի սկզբանե պլինտուզ (շրիշակ) չի ունեցել: Իսկ ինչ վերաբերում է դռանը, որը ոչ բռնակ ունի, ոչ էլ ապակի, շինարարական աշխատանքն ընդունելուց առաջ ունեցել է: Երևի մի բան է եղել, հավաքարարը կամ մեկ ուրիշը պատահական ջարդել է: Եթե դռան ապակին չլիներ մենք չէինք ընդունի», – ասաց Ախալքալաքի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանը:

Մանկապարտեզների միավորման տնօրեն Զարուհի Բարբարյանը մեզ հետ զրույցում ասաց. «Եթե կարողանանք գումար ճարել, որոշակի խնայողություններ անել, ապա անպայման դռան ապակին կդնենք: Հիմա նախատեսնում ենք 3-րդ մանկապարտեզում որոշակի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ իրականացնել, կփորձենք այդ ժամանակ նաև դռան ապակին դնել»:

Իսկ ինչու նախագծման ընթացքում օրինակ շրիշակները չեն նախատեսվել, հարցը մնում է դեռ անպատասխան:

Աղունիկ Այվազյան