Ախալքալաքի ճանապարհաշինարարական մրցույթներին մասնակցում է հիմնականում մեկ ընկերություն՝ «ՋավախԱվտոԳզա»-ն, մեծամասամբ մրցույթները հաղթում է հենց այս ընկերությունը հիմնականում նախնական գումարով:

Ախալքալաքի շրջանի ասֆալտապատման, փոսային վերանոգումների, ճանապարհների սպասարկման աշխատանքների իրականացման համար 2010 թվականից մինչ օրս հայտարարվել է 37 էլեկտրոնային մրցույթ: Այդ մրցույթներից 27-ում հաղթել է «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը: Հաղթած մրցույթներից 22-ի դեպքում միակ մասնակիցն է եղել և հաղթել է նախնական գումարով: Թվով 3 մրցույթ չեղյալ է հայտարարվել: 1 տենդեր հաղթել է «Օպտիմուս Ջգուփի» ընկերությունը 2013 թվականին, 1 տենդեր էլ հաղթել է «Fin Estate» ընկերությունը 2014 թվականին, մեկ մրցույթում էլ հաղթել է «Ծատիլի» ընկերությունը: 2015թ.-ին «ՋավախԱվտոԳզա»-ն ունեցել է լուրջ մրցակից՝ «Առալի» ընկերությունը, որը հաղթող է ճանաչվել մեկ մրցույթում, իսկ 2017-ին «Վեմ» ընկերությանն է հասել մեկ հաղթանակ:

2017 թվականին Ախալքալաքի շրջանը հայտարարել է 6 էլեկտրոնային մրցույթ ճանապարհաշինության ոլորտում, որոնց բացառապես մասնակցել է միայն «ՋավախԱվտոԳզա»-ն և գրեթե բոլոր մրցույթները հաղթել է նախնական գումարով, բացառապես երկու մրցույթի՝ մի դեպքում 0,58 թեթրի է նվազել նախնական գումարից, իսկ մյուս՝ 10 լարի: Այդպիսով, 2017-ին Ախալքալաքի շրջանը էլեկտրոնային տենդեր-մրցույթների շնորհիվ խնայել է 10 լարի 58 թեթրի 6 205 192,42 լարի ճանապարհաշինության ծախսերից:

Իսկ 2010-2017 թվականների ընթացքում «Ջավախավտոգզա» ընկերությունը Ախալքալաքի շրջանային բյուջեից 19 549 286 լարիի աշխատանք իրականացրել է ճանապարհաշինության ուղղված միջոցներից:

«ՋավախԱվտոԳզա» ընկերությունը հիմնադրվել է 1998 թվականին, գրանցված է քաղաք Ախալքալաքում: Այն պատկանում է Նոդար Ինասարիձեին: Ընկերությունն սկսել է մրցույթների մասնակցել 2010 թվականից սկսած, երբ Վրաստանում պարտադիր դարձավ պետական գնումների էլեկտրոնային մրցույթների անցկացումը:

2010-2017-ների ընթացքում «Ջավախավտոգզա» ընկերությունը մասնակցել է շրջանային ու տարածաշրջանային թվով 89 էլեկտրոնային մրցույթի, որոնցից հաղթող է ճանաչվել՝ 65-ում: Իսկ 65-ից 55 էլեկտրոնային մրցույթներին միակ մասնակիցն է եղել և ճանապարհաշինական աշխատանքներն իրականացրել է հիմնականում նախնական գումարով:

Ճանապարհաշինական մեկ այլ ընկերություն, որի մասին արդեն մեկ անգամ ասել ենք, ևս մասնակցել է Ախալքալաքի շրջանի հայտարարած տենդերներին, սակայն գրեթե միշտ պարտվել է: 2010-2017 թվականների ընթացքում «Արալի» ընկերությունը մասնակցել է 6 էլեկտրոնային մրցույթի, հաղթել է միայն մեկում՝ 2015 թվականին, որի ընդհանուր գումարը 1 420 396.00 լարի էր: Այդ մրցույթին մասնակցել են 3 ընկերություններ, ինչի արդյունքում հաղթող է ճանաչվել «Արալի» ընկերությունը՝ 1 420 396.00 լարիով: Մրցույթի արդյունքում ուղիղ 57 930 լարի նախնական գումարը նվազել է: Այսինքն, երբ առկա է մրցակցություն ընկերությունները պատրաստ են ավելի քիչ գումարով նույն աշխատանքն իրականացնել: 2016-ին «Արալի» ընկերությունը մասնակցել է ևս երկու մրցույթի, սակայն երկուսում էլ պարտվել է, իսկ արդեն 2017-ին ընկերությունն առհասարակ չի մասնակցել Ախալքալաքի շրջանի հայտարարած մրցույթներին:

«Արալի» ընկերությունը էլեկտրոնային մրցույթների է սկսել մասնակցել 2011 թվականից: Ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականին, գրանցված է Ախալցիխե քաղաքում: Ընկերության միակ բաժնետերը Օթար Թաթեշվիլին է: 2011-2017-ների ընթացքում ընկերությունը մասնակցել է շրջանային ու տարածաշրջանային շուրջ 141 էլեկտրոնային մրցույթի, որոնցից հաղթող է ճանաչվել՝ 76-ում: Այն հիմնականում ճանապարհաշինարարական աշխատանքներ է իրականացնում: Այս ընկերությունը առավել ակտիվ գործնեություն է ծավալում Ադիգենի և Ասպինձայի մունիցիպալիտետներում:

Աղունիկ Այվազյան