Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն Ախալքալաքի շրջանում կղեկավարի Շրջանային վարչության նախկին նախագահ (գամգեբելի) և Ախալքալաքի նախկին քաղաքապետ Նաիրի Իրիցյանը:

Այս մասին որոշում է կայացվել երեկ, օգոստոսի 17-ին «Վրացական երազանքի» Ախալքալաքի նախընտրական շտաբում, որտեղ տեղի ունեցել կուսակցության տարածաշրջանային ներկայացուցիչների հանդիպումը:

«Ժամանեց տարածաշրջանային շտաբի համակարգող Սերգի Կապանաձեն: Ինձ ընտրել են 3 թեկնածուներից: Իսկ, երբ Թբիլիսիում հավաքեն կուսակցական բյուրոն, այդ ժամանակ կհաստատեն: Ինձ հարցրեցին, թե արդյոք ցանկանում եմ առաջադրվել թեկնածության համար, թե՝ ոչ: Ես պատասխանեցի, ինչու՝ ոչ: Նրանք, հավանաբար, հիմնվել են այն փաստի վրա, որ ես կարող եմ օգուտ բերել կուսակցությանը: Մենք արդեն պլանավորում ենք որ օրը, որ գյուղ գնալ: Ուզում ենք տարբեր միջոցառումներ անցկացնել», – ասում է Նաիրի Իրիցյանը:

Ըստ նրա, կուսակցությունը կսկսի նախընտրական քարոզարշավը օգոստոսի 25-ից:

Հիշեցնենք, որ Նաիրի Իրիցյանը աշխատանքային փորձ ունի հարկային ոստիկանությունում: 2003-2006 թթ.-ին զբաղեցրել է Ախալքալաքի քաղաքապետի պաշտոնը: Զբաղեցրել է նաև Ախալքալաքի Շրջանային վարչության ղեկավարի պաշտոնը, այժմ` Ախալքալաքի Շրջանային ժողովի փոխնախագահն է: «Վրացական երազանք» կուսակցությանը Նաիրի Իրիցյանը միացավ 2012 թ.-ին, երբ նա զբաղեցրեց Շրջանային վարչության ղեկավարի պաշտոնը:

Մինչ այս կուսակցության ներկայացուցիչն էր ներկայիս գամգեբելի Էդուարդ Աղասարյանը:

Քրիստինե Մարաբյան