Գրեթե 15 հոգի Մառնեուլից եկել էին Ախալքալաք Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարական ընկերությունից պահանջելու վճարել իրենց պարտքերը: «Դեմիրյոլ» ընկերությունը պարտք է ինչպես աշխատողների, այնպես էլ տարբեր մթերքներ և ծառայություններ մատակարարողների: Ընկերությունում չեն հրաժարվում վճարել, սակայն չեն էլ նշում, թե կոնկրետ երբ կտան:

erkatgic5

Ախալքալաքում կառուցվող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կայարանում տեղի ունեցավ բողոքի ակցիա: 5 ավտոմեքենաներով, մոտավորապես 15 հոգի Մառնեուլից հասել էին Ախալքալաք: Ցուցարարներին միացել էին նաև մի քանի տեղացի, որոնց պահանջը նույնն է: Նրանք պահանջում են իրենց աշխատանքի դիմաց հասանելիք գումարը, որը պարտք է «Դեմիրյոլ» ընկերությունը:

Աքսանա Յուսուպովան Մառնեուլից վաճառել է սպասք, լվացքի փոշի և այլ տարբեր ապրանք: Նրան 120 000 լարի են պարտք:

«Ամուսինս ինձանից բաժանվեց, քանի որ ապրանք էի տվել, հետս կռվեց և հեռացավ, հիմա էլ ամուսնացել է: Դատարան դիմեցի, մեկ տարի է ինձ ասում են՝ երեքշաբթի կտանք, ուրբաթ կտանք, այսպես ամիսներ շարունակ: Բանկից եկան ասացին, որ տունս վաճառքի են հանել, ծանոթ-բարեկամ, բոլորից պարտքով վերցրեցի, ոսկիներս վաճառեցի, որ տունս ձեռքիցս չառնեն»,- ասաց Աքսանա Յուսուպովան:

erkatgic2

Բանն այն է, որ գրեթե մեկ տարի է «Դեմիրյոլը» գումար չի փոխանցել տեղական «Փարվանա» ընկերությանը, որն էլ իր հերթին չի վճարել մարդկանց, որոնցից սննդամթերք, սպասք և այլ գնումներ է կատարել:

Նինոծմինդայի շրջանի Ղուլալիս գյուղի բնակիչ Սիրական Արաբյանը ևս եկել էր բողոքելու և պահանջելու իր մեկ ամսվա աշխատավարձը:

«Նոյեմբեր ամսվա աշխատավարձս են պարտք, անընդհատ նույն բանն են ասում՝ երեքշաբթի կամ ուրբաթ, անցել է 7 ամիս այդ ուրբաթը չեկա՞վ: 800 լարի կոնկրետ ինձ պարտք են: Ես իմ անձնական մեքենայով աշխատել եմ, բանվորներին եմ տեղափոխել»,- պատմեց Սիրականը:

erkatgic1

Միաժամանակ ավելացնելով, որ իրենց գյուղից մոտավոր 15-20 հոգի կան, որ իր նման չեն վարձատրվել:

«Ինձ պարտք են նոյեմբեր-դեկտեմբեր ամսվա դիմաց: Երկու ամիս է խոսք են տալիս, որ շաբաթվա սկիզբ կամ վերջ կտան, բայց գալիս ես այդ օրը, էլի հետ են ուղարկում, թե՝ մյուս շաբաթ: Ամենավատն այն է, որ խաբում են, ասում են 100 տոկոս կտան, բայց չեն տալիս»,- ասում է Խանոյան Վարազդատը, ով երկու ամիս աշխատելուց հետո դադարել է աշխատել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարության վրա:

Ադրբեջանական «Դեմիրյոլ» ընկերության վրացական մասնաճյուղի նախագահ Բագիրով Ադալան Jnews-ի հարցին, թե ինչու չեն վճարում մարդկանց պատասխանեց.

«Խնդիրն այն է, որ նրանք ապրանք են տվել, այս պահին մենք չենք կարող վճարել, որովհետև ֆինանսական դժվարություններ կան: Ժամկետ իհարկե կա, մենք այս ուղղությամբ աշխատում ենք, հենց ստանանք գումարը անմիջապես կտանք: Կոնկրետ ժամանակ չեմ կարող նշել, բայց մտածում եմ, որ մոտակա ժամանակներս այս հարցը կլուծվի: Վերջին 6-7 ամիսները մենք չենք վճարել: Պայմանագիր կա կնքված, կոնկրետ գումարի չափը չեմ կարող նշել, բայց մոտավորապես 700 000 լարի է կազմում: Նրանք դատարան են դիմել, բայց մենք չենք հրաժարվում վճարել», – ասաց Բագիրով Ադալան:

erkatgic4

Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, որ «Դեմիրյոլ» ընկերության նախագահը ստում է.

«Նա խաբում է, ճիշտ չի ասում: Նրանք պարտք ունեն միայն «Փարվանա» ընկերությանը 1,5 մլն լարի: 20 հոգի կան, ամեն մեկին մոտավոր 180-ից 200 հազար պարտք են: Ես դիմել եմ դատարան, սակայն դատարանն ասում է՝ պետությունը ոչինչ չի կարող անել, արդեն երեք ամիս է գործը դատարանում է, բայց ոչ մի արդյունք», – ասաց մեկ այլ բողոքական Սամիլ Ալիևը:

Պետյա Վեքելյանն Ախալքալաքից նշում է, որ իրեն տեղական «Փարվանա» ընկերությունը պարտք է մոտավոր 30 000 լարի: Նա թոնիր ունի և ամեն օր թարմ հաց է մատակարարում երկաթգծի աշխատակիցներին:

«Ինձնից հաց են տարել, մոտավոր 30 000-ի հացի փող են տալու, հունվարից չեն վճարում, անընդհատ ձգձգում են: Ախալքալաքում տարբեր խանութներից էլի ապրանք են վերցրել ու չեն տալիս: Հաշվել ենք, ընդհանուր 150 000 լարիից ավելին է», – ասաց Վեքելյանը:

erkatgic3

Մառնեուլից Ախալքալաք եկած բողոքականները հայտնվել են ծանր վիճակում, նրանք նույնիսկ մտածում են իրենց կյանքին վերջ տալ, կուտակած պարտքերի պատճառով:

«Մենք մթերային խանութ ունենք, ես վաճառել եմ ուտելիք, անկողին, ամանեղեն: Նրանք ասում են՝ այս ամիս կլինի փողը, մյուս ամիս կլինի և չեն տալիս: Անցած տարվա սեպտեմբերից փող չեն տալիս: Ես արդեն չեմ դիմանում, վարկերը, ամեն ինչ իմ անունով են, այսպես չի կարող շարունակվել: Մնացել է, որ ինձ այրեմ, ուրիշ ոչինչ», – ասաց Ռ. Յուսուպովան:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարական աշխատանքները Վրաստանում ընթանում են ընդհատումներով ու տարբեր բարդություններով, սկսած մարդկանց չվճարված աշխատավարձներից, մինչև չվճարված փոխհատուցում:

erkatgic6

Jnews-ը պարբերաբար և հետևողական կներկայացնի իրադարձությունների զարգացման ընթացքը:

Աղունիկ Այվազյան