Ձնելաձե փողոցում վերջապես իրականավցում են կոյուղու վերանորոգման աշխատանքներ, որի համար անհրաժեշտ է եղել անջատել գլխավոր ջրուղին, որից մատակարարվում է գրեթե ամբողջ Ախալքալաքի խմելու ջուրը:

Հուլիսի 2-ից Ձնելաձե փողոցը հեղեղվում էր կոյուղու ջրով։ Ջուրը լցվում էր փողոցի բնակիչների նկուղներ և ավտոտնակներ։ Երեկ դիտահորերի ասֆալտի տակ թաղված լինելու պատճառով կոյուղու վերանորոգումը չիրականացվեց։

Կոյուղու շինարարական աշխատանքները սկսել են այսօր կեսօրից, իսկ ասֆալտի քանդման աշխատանքները իրականացրել են կեսգիշերին և վերջացրել առավոտյան։ Ձնելաձե փողոցի ասֆալտապատումը մեկ ամիս առաջ էին վերջացրել, և ինչպես ամբողջ քաղաքի ճանապարհաշինության ընթացքում, այնպես էլ այստեղ դիտահորերը լցրել են ասֆալտով ու ավազով, և որպես վերջաբան այն հարթեցրել են հավասարեցնելով ասֆալտապատ ճանապարհին։

Միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի մենեջեր Վարդ Մոսոյանը մեզ հետ զրույցում ասաց՝ «Կաշխատենք այսօրվա ընթացքում կոյուղին մաքրել, քանի-որ գլխավոր ջրուղին ենք անջատել և քաղաքի հիմնական մասը ջուր չի ունենալու, միայն թիվ մեկ զինվորական ավանում կլինի ջուր, այն էլ շատ քիչ»։

Ախալքալաքի ասֆալտապատման պատմությունը առանձնանալով համաշխարհային ասֆալտապատումից ներկայանում է դիտահորերը ասֆալտապատելու և դրանց տեղը հավիտյան մոռացության մատնելու առանձնահատկությամբ։ Նման աշխատաոճով գուցե փակեն դիտահորերը, սակայն կոյուղաջրերը հաճախ են հիշեցնում դրանց գոյության անհրաժեշտության մասին, որին էլ հաջորդում է խմելու ջրի տևական բացակայությունը և այլ խնդիրներ։

Ջուլիետա Տոնականյան