Այս տարի «Օգնություն գյուղին ծրագրի» (ՕԳԾ) փակվելու պատճառով Ախալքալաքի շատ գյուղերի նախագծեր մնացին անավարտ: Այդ աշխատանքները կշարունակվեն տեղական բյուջեի միջոցներով:

Այսօր, հունիսի 29-ին Ախալքալաքի Շրջանային վարչությունում տեղական ինքնակառավարման ղեկավարները, ինչպես նաև Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանի Խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, գյուղերի լիազորների և շրջանի աշխատակիցների հետ քննարկեցին լրացուցիչ նախագծեր, որոնք շրջանը մտադիր է իրականացնել այս տարի:

Ախալքալաքի շրջանը մտադիր է հատկացնել 800 000 – 900 000 լարի, որպեսզի գյուղերում ավարտին հասցնեն ՕԳԾ նախագծով սկսված աշխատանքները: Մնում է, որ Շրջանային Ժողովը գումարն ու նախագծերը հաստատի: Ինչից հետո կսկսվեն աշխատանքները:

Ախալքալաքի Շրջանային վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանը թվարկեց նաև բազմաթիվ այլ նախագծեր, որոնք իրենք նախատեսում են իրագործել: Այս աշխատանքների համար շրջանը ունի 4 մլն. լարի:

Շրջանը մտադիր է իր միջոցներով շարունակել Գումբուրդո գյուղի ասֆալտապատումն ու այն հասցնել մինչ գյուղի դպրոց: Գումբուրդո գյուղի ճանապարհը ասֆալտապատում է Ճանապարհային դեպարտամենտը, սակայն մինչև դպրոց մնում է 310 մ: Գյուղում կանցկացվի նաև լուսավորում տեղական բյուջեի հաշվին: Նախատեսվում է ասֆալտապատել նաև Խանդո գյուղ տանող ճանապարհը:

Վերանորոգվում են Ազավրեթ, Կաջո, Բարալեթ, Կոթելիա և Կուլիկամ գյուղերի մանկապարտեզները: Վերանոգվում է 9 գյուղերի ծիսակատարությունների տներ- Մերենիա, Վաչիան, Խանդո, Խավեթ, Բավրա և այլն:

Վերանոգվելու է ջրատար խողովակը Դադեշ, Օրջա, Բավրա, Տուրցխ, Գումբուրդո, Մերենիա, Տրկնա, Աբուլ գյուղերում:

Նախագծերում կա նաև մանկական խաղահրապարակի շինարարություն Օրջա գյուղում, Ախալքալաքի մարզադաշտի մասնակի վերանորոգում, Ախալքալաքի սպորտհամալիրի տանիքի վերանորոգում, Դիլիսկա գյուղում հուշարձանի ցանկապատում, ինչպես նաև Ախալքալաքի Արդարադատության տան բակի բարեկարգում և նրա գազաֆիկացում: Խոսվեց նաև քաղաքը մաքրելու մտադրության մասին:

Հանդիպման ընթացքում հավաքվածներն առաջարկեցին գումար հատկացնել գյուղերում Մշակույթի Տների վերականգնման համար, գրեյդերավորման և գյուղական ճանապարհների ասֆալտապատման, դպրոցների, և այլն: Որպեսզի նշված խնդիրների մասին հիշեն, որտեղ ինչ խնդիր կա, Հենզել Մկոյանը առաջարկեց գրավոր դիմել Շրջանային վարչություն:

Ախալքալաքի շրջանի ֆինանսական ծառայության պետ Հովիկ Կարապետյանը նշեց, որ նրանք այս տարի գրեթե ստացել են պլանավորված եկամուտը և դրանից հետո ստացված եկամուտը կարող է օգտագործվել այդ նախագծերի վրա:

Շուշան Շիրինյան