Չամդուրա գյուղի բնակիչները այսօր առավոտից բողոքում են այն բանի դեմ, որ տարածքը, որը ծառայում է նրանց համար որպես արոտավայր, ինչպես նաև ճանապարհ անասունների և մարդկանց համար դաշտային աշխատանքների ժամանակ, վաճառվել է աճուրդով: Նրանք պահանջում են չեղյալ համարել գործարքը պետության և գնորդի միջև:

Չամդուրա գյուղի բնակիչները ժամը 10:00-ից փակել են «Արալի» ընկերության աշխատակիցների ճանապարհը և թույլ չեն տալիս աշխատել ընկերությանը վարձակալած տարածքում: Գյուղացիների խոսքերով, մեկ շաբաթ առաջ նրանք զգուշացրել էին աշխատողներին, որ տարածքը չօգտագործեն: Տարածքը, որի մակերեսը մոտավորապես 1410 քառ \ մ է աճուրդի է հանվել 30 000 ԱՄՆ դոլարով, որը գնել է մեկ այլ գյուղի բնակիչ՝ Վալերի Մարաբյանը (Դիլիսկա): Գնված տարածքի մի մասը նա վարձավճարով տվել է «Արալի» ընկերությանը, որը վարձակալել է այն երկու շաբաթով, և օգտագործում է քարհատման համար:

Այս տարածքը գտնվում է Կարծախ մայրուղու այն տարածքի մոտ, որը միացված է Ախալքալաք-Հայաստան ավտոմայրուղուն, մի քանի տարի առաջ կառուցված շրջանցիկ նոր ճանապարհով:

Գյուղի բնակիչներն ասում են, որ այս տարածքի վաճառքը խիստ հարվածում է գյուղի անասնապահությանը, քանի որ անասուններին արածեցնում են այս տարածքում, և այստեղից նրանք գնում են դեպի այլ արոտավայրեր: Բացի այդ, այս տարածքը ծառայում է նաև գյուղացիների համար, որպես ճանապարհ դեպի կարտոֆիլի դաշտեր:

«Մենք օգտագործում ենք այս հողը, իսկ նրանք վաճառեցին: Մենք ունենք ընդամենը 20 հեկտար արոտավայր 85 գլուխ անասունի համար: Ինչ անեն գյուղացիները, չպահեն անասուններ ինչ է: Անասունները վերադառնում են տուն չկշտացած: Բացի այդ, անասունները գնում են այլ արոտավայրեր հենց այդ տարածքից », – դժգոհում է Չամդուրա գյուղի բնակիչ Խաչիկ Ազնավուրյանը:

Գյուղացիները նաև շատ դժգոհ են այն փաստից, որ նրանք տեղեկացված չեն եղել պետության կողմից այս տարածքի վաճառքի մասին: Նրանց խոսքերով, հողը վաճառվել է երեք շաբաթ առաջ, սակայն նրանք այդ մասին իմացել են միայն մեկ շաբաթ առաջ:

Հողի սեփականատեր Վալերի Մարաբյանը ասում է, որ նա անօրինական ոչ մի բան չի արել: Վաճառում էին, նա էլ գնել է:

«Ես մասնակցել եմ աճուրդին և գնել եմ: Իմ լիազորությունների մեջ չի մտնում տեղեկացնել կամ մի ուրիշ բան անել: Ինձ պետք էր այդ տարածքը, ես դիմում եմ գրել, որպեսզի պետությունը հողը աճուրդի դնի ու ես գնեցի այն: 4 ամիս առաջ վաճառքի մասին արդեն հայտնի էր, ցուցատախտակը ամրացված էր վաճառվող տարածքում: Այս տարածքը ազատ էր, ու ես ուզեցի գնել այն », – ասում է Վալերի Մարաբյանը:

«Ես ամեն օր այս ճանապարհով անցնում եմ և չեմ տեսել ոչ մի ցուցատախտակ: Թող ցույց տան մեզ այլընտրանքային ճանապարհ, և մենք կդադարենք բողոքելուց », – ասում է Չամդուրա գյուղի բնակիչ Սպարտակ Սանթոյանը:

Լսելով գյուղացիների բողոքի մասին, շրջանի ղեկավարները, ոստիկանապետը, Վրաստանի խորհրդարանի պատգամավորը, Սակրեբուլոյի (Շրջանային ժողով) տվյալ տարածքային շրջանի պատգամավորը հավաքվեցին այդ տարածքում և գյուղացիների հետ զրույցելով փորձում էին գտնել հնարավոր լուծում:

Շրջանային վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանը ասում է, որ տարածքը պատկանում է պետությանը, ոչ թե շրջանին և պետությունը այն վաճառել է: Նա տեղյակ է եղել, որ տարածքը վաճառվելու է, սակայն, որ արդեն դրվել է աճուրդի, չի իմացել:

« Նրանց գյուղից շատերն էին տեղյակ, հիմա սուտ են ասում, թե չգիտեին: Հիմա ուղղակի գյուղացիների մոտ չեն ուզում վատ մարդ դուրս գալ », – ավելացրեց Էդուարդ Աղասարյանը:

Ախալքալաքի Շրջանային ժողովի Վաչիանի տարածքային շրջանի (որտեղ մտնում է և Չամդուրա գյուղը) պատգամավոր Ֆյոդոր Թորոսյանը գտնում է, որ հնարավոր է, որ իրոք տարածքը ձեռք է բերվել օրենքով, բայց անհրաժեշտ էր այդ մասին տեղեկացնել գյուղի բնակչությանը:

«Ոչ ոք չգիտեր այդ մասին: Գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ ոչ ոք ժամանակ չունի մտնի համացանց և նայի: Նրանք զբաղված են իրենց առօրյա գործերով: Եթե վաճառվում է գյուղի հողատարծք, այդ մասին նրանք պետք է հայտարարություն անեին գյուղում, որ մարդիկ իմանային », – ասում է Ֆյոդոր Թորոսյանը:

Զավեն Վարդանյանը կարծում է, որ ամեն ինչ այնպես էր կազմակերպված, որ սեփականատեր դառնար Վալերի Մարաբյանը:

«Համաձայն Վրաստանի հողերի մասին օրենքի արոտավայրերը չեն վաճառվում: Պետական ռեեստրում գրված է, որ այդ տարածքը համարվում է վարելահող: Բայց ինչպես է այդ հողը դարձել վարելահող », – ասում է Սերյոժա Պողոսյանը:

Տեղական ինքնակառավարման մարմիններիի ներկայացուցիչները պայմանավորվել են ընկերության հետ, որ նրանք ժամանակավորապես դադարեցնեն աշխատանքը այդ վայրում մինչ հարցը կստանա որևէ լուծում:

«Քարհատման համար մենք նրանց հատկացրեցինք այլ տարածք, մինչ սեփականատերը և գյուղացիները որոշեն ինչ անել ստեղծված իրավիճակում: Իրոք, գյուղացիները չունեն արոտավայր, սակայն գնորդը նույնպես մեղք չունի: Համաձայն օրենքի, պետական գույքի վաճառքով զբաղվող մարմինները պետք է մինչ վաճառքի տեղադրելը գյուղացիների հետ աշխատանք տանեին », – ասում է Շրջանային ժողովի տեղակալ (սակրեբուլո) Նաիրի Իրիցյանը:

Համոզվելով, որ շինարարները դադարեցրեցին աշխատանքը, գյուղացիները նույնպես գնացին տուն: Նրանք պայմանավորվեցին, որ պաշտոնական նամակ կներկայացնեն տեղական իշխանություններին, որոնք էլ իրենց հերթին այն կուղարկեն համապատասխան մարմիններին:

Մենք կհետևենք իրադարձությունների զարգացմանը:

Շուշան Շիրինյան