Վերանորոգումից 5 տարի անց Կարծախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցին կրկին քանդվելու վտանգի տակ է: Եկեղեցու տանիքն անձրևների ժամանակ ամբողջութամբ կաթում է:
Խաչիկ պապի օրն սկսվում է եկեղեցուց: Նա աստծո ամեն առավոտ բացում է հինավուրձ եկեղեցու դռները և աղոթում իր գյուղի ու աշխարհի խաղաղության համար: Գյուղում բոլորն են ճանաչում ու հարգում Խաչիկ պապին: 1992 թվականից մինչ օրս նա է հետևում եկեղեցուն: jnews-ի հետ զրույցում վերջինս ցավով նշեց.
«Եկեղեցին ամբողջությամբ խոնավության մեջ է։ Նույնիսկ ամռանը եկեղեցու պատերը թաց են, իսկ տանիքն ամբողջությամբ ջրի մեջ է։ Ճարտարապետական առումով արտակարգ կառույց է, բայց օր-օրի վիճակն ավելի է վատթարանում: Վերանորոգեցին, բայց այն վերանորոգումը, որն իսկական պետք էր չստացվեց, խնդիրը ծածկն է, հիմիկվա չափանիշներով հնի փոխարեն նորը կառուցեցին, որը չարդարացուց ոչ թե 100, այլ 1000 տոկոսով, և եկեղեցին սկսեց կաթել: Անձրևներին ջուրը ներսում է կանգնում, մոմերի վրա էլ ցելոֆան եմ դրել, որ կաթիլներից չթրջվի,- ասաց Խաչիկ պապն ու հավելեց, – Երկու օր առաջ պատարագ էր, Տեր Տիգրանին ասացի, որ եկեղեցու մասին դու պիտի մտածես ու ես»:
Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու դռները մշտապես բաց է հավատավոր ժողովրդի առջև: Դռներից ներս մամուռների ու բորբոսների իսկական թագավորություն է: Եկեղեցում օդն այնքան խոնավ է, որ շնչահեղձ ես լինում: Պատերին ամենուր մամուռներ են աճում, սյուներից ջուր է հոսում, և միայն այս եկեղեցում է, որ սրբապատկերներն «արտասվում» են:
«Եկեղեցու շինարարական աշխատանքները կատարվել էին բազմաթիվ թերություններով, ինչի արդյունքում եկեղեցու տանիքից ձնհալի և հորդառատ անձրևների ժամանակ կային կաթոցներ, որը ժամանակի ընթացքում ավելի ինտենսիվ դարձավ: Հիմա արդեն գրեթե ամբողջ եկեղեցու տանիքից (բացի խորանի հատվածից) ջրերը հոսում են, ինչի արդյունքում եկեղեցու նկարները շարքից դուրս են եկել, պատերը մամռակալվել են: Խնդրի լուծման համար այս տարի Երևանից հրավիրվել է ճարտարապետ-շինարար, և ըստ նրան, հարցի միակ լուծումը եկեղեցու տանիքի ամբողջական ցինկապատումն է, որն ըստ նախնական հաշվարկների նյութապես ավելի էժան է և շինարարությունը կկատարվի ավելի կարճ ժամկետներում: Ուստի հույսով ենք, Աստծո ողորմածությամբ, որ այս տարի շինարարական աշխատանքը կսկսենք ու կվերջացնենք և այս հոյակերտ եկեղեցին, որն իր նմանը չունի տարածքում, կփրկենք փլուզումից»,- ասաց Կարծախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը:
Նշենք, որ Կարծախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցին վերաօծվել է 2012թ. հուլիսի 14-ին: Եկեղեցու տանիքը ամբողջությամբ քարե սալիկներով է պատված: Սոցիալիստական կարգերի ժամանակ Կարծախի եկեղեցին անցնում է պետության ձեռքը, 1929-ին եկեղեցին փակում են, իսկ 1933-ին այն վերածում պահեստի: 1992 թվին եկեղեցին խոնարհվում է, և միայն շուրջ 20 տարի անց եկեղեցին վերակառուցվում ու վերաբացվում է: Այսօր այն գործող եկեղեցի է, հիմնադրված XIX դարի 30-ական թվականներին:
Աղունիկ Այվազյան