Թուրքիայի Ստամբուլ քաղաքում գտնվող Սուրբ Հովհան Ոսկեբերան կաթողիկե եկեղեցին, որը կառուցված է քաղաքի զբոսաշրջային կենտրոնում, կանգուն է դեռևս 1862 թվականից։ Եկեղեցու սպասավորներն ասում են, որ Թուրքիայում հայ եկեղեցիներին վտանգ չի սպառնում:

Սուրբ Հովհան Ոսկեբերան եկեղեցին Ստամբուլում գտնվող 12 հայ կաթոլիկ եկեղեցիներից մեկն է, ուր ամեն կիրակի անցկացվում է պատարագ։ Այս փոքրիկ եկեղեցին յուրաքանչյուր կիրակի ընդունում է գրեթե 50 հավատացյալների, իսկ տոն օրերին այն ավելի լեցուն է՝ 150-ից ավելի մարդիկ գալիս են քաղաքի տարբեր թաղամասերից և մասնակցում տոնախմբություններին։

Surb_hovhan

«Այն սկզբում եղել է փայտաշեն և հրդեհների պատճառով ամբողջությամբ այրվել է, սակայն վերակառուցվել է 1900-ականներին», – ասում է Սուրբ Հովհան Ոսկեբերան եկեղեցու սարկավագ Ժան Աջամյանը։

surb_hovhan_4

Ժան Աջամյանը, ով ծառայում է հայ կաթոլիկ եկեղեցում մոտ 20 տարի, պատմում է, որ այս տարիների ընթացքում չի եղել եկեղեցուն վնասող ոչ մի դեպք։ Այն գտնվելով քաղաքի կենտրոնում, համարվում է նաև տեսարժան վայր զբոսաշրջիկների՝ առավել ևս քրիստոնյաների համար։

surb_hovhan_3

«Պետությունն ապահովում է հայկական եկեղեցիների անվտանգությունը։ Կիրակի օրերին եկեղեցին դրսից ոստիկաններ են հսկում, քանի որ բավականին շատ մարդիկ են հավաքվում», – ասում է Ժան Աջամյանը։

surb_hovhan_5

«Պետությունը եկեղեցուն նյութական օգնություն չի ցուցաբերում, բայց ամենակարևորն է, որ մենք ազատ և համարձակ ենք այստեղ», – ասում է Ժան Աջամյանը։

surb_hovhan_2

Ռիմա Մառանգոզյան