Նինոծմինդայի շրջանի 6 գյուղ ցուցանակ չունի, տեղանքին անծանոթ այցելուներն ու գյուղի բնակիչները հաճախ ստիպված են լինում գուշակել թե ճանապարհն ուր է տանում: Նինոծմինդայի իշխանությունները խոստանում են, որ մեկ ամսվա մեջ բոլոր գյուղերը կունենան համապատասխան ցուցանակներ:

Բոլոր անծանոթները կարող են աննկատ անցնել Մամզարա գյուղի կողքով, գյուղն առանց ցուցանակի է, ինչի հետևանքով թե գյուղի բնակիչները, թե անծանոթները հայտնվում են էքստրեմալ և վտանգավոր պայմաններում:

«Ամենավատը շրջանի մեջ մեր գյուղի վիճակն է, ճանապարհ չունենք, տարբերանշան չկա, ոչ մի տեղ գրված չէ, որ ճանապարհը մեր գյուղ է բերում: Լենինականցին (գյումրեցի) եկել հետևից գենդիրեցու մեքենային էր խփել, հետո էլ ասել էր թե, ինչու էիր ճանապարհից շեղվում, որ խփեցի, խեղճ գյուղացին էլ պատասխանել էր, թե ընկեր ջան, տուն եմ գնում», – պատմեց Մամզարա գյուղի բնակիչ Գալուստ Մանուկյանը:

Հատելով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը ասֆալտապատ ճանապարհը վերածվում է փոսերով պատված ուղու, որը տանում է դեպի Մեծ և Փոքր Գոնդուրա, Մամզարա և Դիլիֆ գյուղեր, որոնք առանց ցուցանակի են: Այս գյուղերն ի սկզբանե ցուցանակներ ունեցել են, սակայն երկաթգծի կառուցման հետ կապված ցուցանակները հանվել են և այլևս չեն տեղադրվել: Բնակիչները բողոքում են, և խնդրի լուծման ուղիներ փնտրում:

«Երկաթգծի պատճառով ճանապարհը քանդեցին քիչ էր, Մամզարա գրված ցուցանակն էլ հանեցին: Գուշակ պետք է լինես, որ մեր գյուղ հասնես: Ճանապարհային նշաններ չկան, որ մարդիկ շրջադարձ անեն: Հայտնի չէ թե վարորդը գիշերով Մամզարա գնալու փոխարեն կհայտնվի մամզարայում, թե Ղուլալիսում: Սա կոնկրետ անտարբեր վերաբերմունք է մեր գյուղի նկատմամբ», – ասաց Մամզարա գյուղի բնակիչ Արմենը, չցանկանալով նշել ազգանունը:

Գյուղի բնակիչների խոսքերով, վերջին մեկ տարվա ընթացքում 4 խոշոր վթար է տեղի ունեցել Նինոծմինդա-Մամզարա տանող ճանապարհի վրա, ցուցանակ չլինելու պատճառով:

Նինոծմինդայի իշխանությունները jnews-ի հետ զրույցում վստահեցրին, որ խնդիրը մեկ ամսվա ընթացքում դրական լուծում կստանա:

«Կապված եղանակային պայմանների հետ, աշխատանքները մի քիչ դանդաղում են, ճանապարհային դեպարտամենտից մեզ խոստացել են, եթե հանկարծ իրենք չանեն, մենք տեղական բյուջեից կհատկացնենք, և բոլոր գյուղերը ցուցանակներ կունենան»,- ասաց Նինոծմինդայի շրջանային վարչության նախագահ Գագիկ Ղարսլյանը:

Նինոծմինդա-Ախալքալաք գլխավոր մայրուղին սպասարկում է Վրաստանի Ճանապարհային դեպարտամենտը, այդ իսկ պատճառով հենց իրենք են պատասխանատու բացակայող ճանապարհային նշանների ու ցուցանակների համար:

Նինոծմինդայի շրջանի թվով 32 գյուղերից 6-ը ճանապարհային ուղեցույց-ցուցանակներ չունեն: Այդ գյուղերն են՝ Ղուլալիս, Մեծ Գոնդուրա, Փոքր Գոնդուրա, Դիլիֆ, Մամզարա և ցուցանակ չկա Նինոծմինդա քաղաքի մեջից դեպի Հեշտիա գյուղ տանող ճանապարհին:

Աղունիկ Այվազյան