Ջավախքը սեյսմիկ ակտիվ տարածաշրջան է, այստեղ գործում են 6 կայաններ, որոնք փոխանցում են սեյսմիկ տվյալները Վրաստանի Երկրի ինստիտուտ, սակայն Ինստիտուտը մտադիր է բացել Ախալքալաքում սեյսմոլոգիական կենտրոն:

Վրաստանի Երկրի ինստիտուտի տնօրեն Թեա Գոդոլաձեն ասում է, որ ինստիտուտի առաջնահերթություններից է Սամցխե-Ջավախքում տարածաշրջանային կենտրոնի բացումը:

«Եթե տարածվենք, Ախալքալաքում կբացենք տարածաշրջանային կենտրոն: Մենք կընդունենք աշխատակիցների, ովքեր այնտեղ, տեղում կվերամշակեն սարքերի բոլոր տվյալները: Ամեն ինչ կախված է բյուջեից: Եթե գումար լինի, ես հենց վաղը կբացեմ: Ես նամակ եմ գրել Կրթության և գիտության նախարարություն և սպասում ենք պատասխանին: Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր տարածաշրջանում լինեն այդպիսի կենտրոններ»,- ասում է Թեա Գոդոլաձեն:

Ինստիտուտը աշխատանքի համար կվերապատրաստի տեղի կադրերին: Ըստ տնօրենի, կենտրոնը կօգնի բնակիչներին լինել ավելի տեղեկացված: Կենտրոնը կտեղեկացնի քաղաքացիներին, թե ինչպես պետք է վարվեն երկրաշարժի ժամանակ:

Վրաստանում գործում են 28 սեյսմոլոգիական կայաններ, դրանցից 8-ը գտնվում են Սամցխե-Ջավախքում, մեկը Աբասթումանում, մեկը Բակուրիանում: Սեյսմոլոգիական կայանները Ախալքալաքի շրջանում տեղադրվել են Ախալքալաքում, Բուռնաշեթ և Ազմանա գյուղերում: Նինոծմինդայի շրջանում` Նինոծմինդա քաղաքում, Փարվանա և Փոկա գյուղերում: Այդ կենտրոններում չկան աշխատողներ, կան պարզապես պահակներ, ովքեր հսկում են սարքավորումները: Այդ կայաններում տեղադրված են սարքավորումներ, որոնք գործում են օնլայն, օրը 24 ժամ: Սեյսմոգրաֆները արձանագրում են ցնցումները և անմիջապես օնլայն ռեժիմով տվյալները փոխանցում Թբիլիսի:

Ըստ այդ սարքերի տվյալների ամեն օր նրանք գրանցում են 2-3 ցնցում, բայց այդ ցնցումները չեն հասնում նույնիսկ մեկ միավորի, և բնակչությունը դրանք չի զգում: Սամցխե-Ջավախքում վերջին տարիների ընթացքում ամենամեծ ցնցումը՝ 4,8 միավոր է գրանցվել, որը կայանի սարքավորումները գրանցել են անցած տարվա հուլիսին:

Ըստ Թեա Գոդոլաձեի Ջավախքում ընթանում է ակտիվ գործընթաց:
«Տարածաշրջանը ամենից ակտիվն է հանդիսանում Կովկասում և Վրաստանում: Այնտեղ ընթանում են պրոցեսներ և էներգիան ազատ է արձակվում երկրաշարժի միջոցով: Ջավախքի բարձրավանդակում հաճախ են տեղի ունենում երկրաշարժեր: Կոնկրետ ես չեմ կարող որոշել, թե որ տարածքն է վտանգավոր, քանի որ ամբողջ տարածքն ակտիվ է: Այս տարածքում կա մեծ վտանգ և երկրաշարժի ծագման բարձր հավանականություն»,- ասում է Թեա Գոդոլաձեն:

Ըստ Երկրի ինստիտուտի տնօրենի, այդ պրոցեսները չեն շատանում և չեն նվազում, նրանք պարզապես ամեն օր են տեղի ունենում Ջավախքի բարձրավանդակում: Այս ամենը կարելի է տեսնել քարտեզի վրա, որը նրանք կազմում են տարբեր կայաններից ստացված տվյալներով: Բայց կանխատեսել երկրաշարժերը ոչ ոք և ոչ մի սարքավորում չի կարող:

Շուշան Շիրինյան