Շուրջ 76 ջավախահայեր մեծ խանդավառությամբ համալրեցին Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրի շարքերը:

Մարտի 3-ին և 4-ին «Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր» բարեգործական հիմնադրամը առաջին անգամ Ջավախքում (Ախալքալաքում, Նինոծմինդայում և Ախալցխայում) իրականացրեց դոնորագրում: Երկօրյա դոնորագրումների արդյունքում 76 հայ կամավորներ միացան մարդասիրական այս գործին:

Ջավախքում ոչ միայն հետաքրքրվեցին «Ոսկրածուծի Դոնորների Ռեեստրի» գործունեությամբ, անցած ճանապարհով, այլև պատրաստակամությամբ միացան հիմնադրամի աշխարհասփյուռ ընտանիքին։

ABMDR հիմնադրամի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանը և բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանը դասախոսություններ կարդացին՝ հավաքվածներին ներկայացնելով Ռեեստրի գործունեությունը, ձեռքբերումները և կարևորությունը։
donor
17 տարի է, ինչ հիմնադրամը նվիրվել է լեյկեմիայի և արյան չարորակ այլ հիվանդությունների դեմ պայքարին՝ ձգտելով օգնել աշխարհասփյուռ հայերին և, ինչու չէ, օտարազգիներին հաղթահարել այդ մահացու հիվանդությունները:

Երկու օր տևած այս միջոցառումը Ջավախքում իրականություն դարձավ Ախալցխայի, Ախալքալաքի և Նինոծմինդայի Երիտասարդական կրթամշակութային կենտրոններում՝ Վրաստանի ՀՕՄ-ի Վարչության ատենապետուհի Կարինե Թադևոսյանի, ԵԿ-ների տնօրենների և Միության մյուս անդամների աջակցության շնորհիվ։

«Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր» բարեգործական հիմնադրամը ստեղծվել և հիմնադրվել է Հայաստանում 1999 թվականին՝ ի պատասխան լեյկեմիայով և արյան այլ հիվանդություններով տառապող երեխաների կյանքի փրկության և բուժման համար ստեղծված խիստ անհրաժեշտության։ Հիմնադրամը կոչված է հավաքագրելու ոչ ազգակից դոնորների, ովքեր պատրաստ են օգնել հիմնականում արյան քաղցկեղով և մի շարք այլ հիվանդություններով տառապող հիվանդներին, ում բուժման համար ցողունային բջիջների փոխպատվաստում է անհրաժեշտ: Կազմակերպությունը գրանցվել է, որպես շահույթ չհետապնդող բարեգործական հիմնադրամ, որտեղ մինչ օրս կամավորագրվել է ավելի քան 28.000 դոնոր։