Ախալքալաքի շրջանի գյուղական հանրային դպրոցներում կա մասնագետների պակաս: Իսկ այն մասնագետները, ովքեր դասավանդում են արդեն մեծահասակ են, նրանց փոխարինող չկա: Շատ առարկաներ դասավանդում են այլ առարկաների մասնագետներ:

Իրավիճակը նույնն է գրեթե բոլոր գյուղերի դպրոցներում, հատկապես քաղաքից հեռու գտնվող գյուղերում: Գյուղերը չունեն իրենց մասնագետները, իսկ քաղաքից այնտեղ աշխատանքի գնալ ոչ ոք չի համաձայնում:

Իրավիճակը այդպիսին դարձել է աստիճանաբար և տարեց տարի այն ավելի է վատանում: Միշա Գասպարյանը աշխատում է Զակ գյուղում, դասավանդում է հայոց լեզու և գրականություն, ինչպես նաև ռուսաց լեզու և գրականություն: Մասնագիտությամբ նա լինգվիստ է:

Նա միշտ ասում է որ հարկավոր են նոր մասնագետներ, բայց մյուս կողմից էլ նա դեմ է «անգրագետ» մասնագետներին:

«Մենք ունենք միայն վրացերենի մասնագետ: Բոլոր առարկաներն էլ ունեն մասնագետների կարիք` ֆիզիկա, կենսաբանություն, ռուսաց լեզու, աշխարհագրություն, մաթեմատիկա: Ֆիզկուլտուրան դասավանդում է զինվորական գործի ուսուցիչը: Քիմիայի մասնագետը արդեն մեծահասակ է, նա նաև աշխատում է մեկ այլ գյուղում », – ասում է Միշա Գասպարյանը:

Ըստ Բուղաշեն գյուղի դպրոցի տնօրեն Թադևոս Պալյանի, Կրթության ռեսուրս կենտրոնում տեղյակ են կադրերի պակասի խնդրին, սակայն ոչինչ չեն կարող անել:

«Մենք չունենք արվեստի, ռուսաց լեզվի և գրականության, պատմության, աշխարհագրության մասնագետներ: Իսկ մյուս առարկաները դասավանդում են մասնագետներ: Նրանց, ում ես վստահել եմ այդ առարկաները արդեն դասավանդում են 15-20 տարի և դարձել են մասնագետներ: Բայց, իհարկե, լավ կլինի եթե լինեն մասնագետներ », – ասում է Թադևոս Պալյանը:

Շրջանի գյուղերից մեկի դպրոցի պատմության ուսուցիչը, ով չցանկացավ ներկայանալ, արդեն իրեն փոխարիննող է փնտրում:
«Ես արդեն փնտրում եմ ինձ փոխարինող: Կա մի աշակերտ, տեսնենք, եթե նա մնա գյուղում, ես կպատրաստեմ նրան իմ փոխարեն: Բացի այդ ես ուզում եմ որպեսզի մասնագետները գան Հայաստանից », – ասում է նա:

Առարկաների դասավանդումը ոչ մասնագետների կողմից ունի բազմաթիվ բացատրություններ: Դրանցից մեկն այն է, որ մի շարք առարկաների ժամեր, ինչպիսիք են քիմիան, ֆիզիկան, պատմությունը, աշխարհագրությունը դպրոցներում հասնում է շաբաթական 9-ից մինչ 11 ժամի: Լրիվ դրույքը դպրոցներում 18 ժամ է: Եվ մասնագետները չեն համաձայնում աշխատել կես դրույքով:

Արմենակ Ադամյանը աշխատում է Մերենիա գյուղի հանրային դպրոցում և դասավանդում աշխարհագրություն:
«Աշխարհագրությունը շաբաթական 9 ժամ է: Եթե ինձ չապահովեն մեկ դրույքով, 9 ժամի համար ես չեմ գա դպրոցում ժամանակս վատնի: Մենք չունենք պատմության մասնագետ ու ես այդ առարկան նույնպես դասավանդում եմ», – ասում է Արմենակ Ադամյանը:

Նույն դպրոցում, նույն սկզբունքով հայոց լեզվի և գրականության ուսուցիչը դասավանդում է նաև համակարգչի դասեր:

Էկա Գաչեչիլաձեն Ախալքալաքի Կրթական ռեսուրս կենտրոնի մասնագետն է և հանրությանը տեղեկացման պատասխանատուն, ու ըստ նրա, դպրոցներում մասնագետների և ոչ մասնագետների դասավանդումը – դպրոցի տնօրենների գործն է:

«Նրանք իրենք պետք է որոշեն, թե որքանով կարող է քիմիայի մասնագետը սովորեցնել ֆիզիկա, կամ հակառակը: Տնօրենները հայտարարում են թափուր աշխատատեղերի մրցույթ ու ընտրում ուսուցիչների: Ընտրում են միայն հավաստագրվածներին և նրանց, ովքեր գրանցված են տվյալների բազայում », – ասում է Էկա Գաչեչիլաձեն:

Սակայն, գյուղական դպրոցներում չկան մասնագետներ, ովքեր հավաստագրված են, գրանցված են տվյալների բազայում և չեն աշխատում: Այդ իսկ պատճառով, տնօրենները ստիպված այնպիսի որոշումներ են ընդունում, ինչից էլ հետևում է, որ դպրոցներում դասավանդում են ոչ մասնագետներ:

Շուշան Շիրինյան