Էլեկտրաէներգիա սպառողներից շատերը վստահեցնում են, որ իրենք հոսանքի դիմաց վճարում են ավելի շատ, քան իրականում ծախսում են: Իսկ Energo Pro Georgia-ի Ախալքալաքի գրասենյակում վստահեցնում են՝ բաժանորդները վճարում են ճիշտ այնքան, որքան ծախսում են:

Այն միտքը, որ իրենց խաբում են ու ստիպում գերավճար տալ այս օրերին տանջում է Ախալքալաքի գրեթե բոլոր բնակիչներին: Փետրվարի առաջին օրերին, երբ ծախսած հոսանքի անդորրագրերն ու հաղորդագրությունները հասան բաժանորդներին, մարդիկ խուճապահար զանգահարում էին ծանոթ-բարեկամ-հարևաններին՝ «թե իրենց հոսանքն ինչքան է գրել»:

Բոլորին մի հարց է տանջում: Արդյո՞ք էլեկտրաէներգիայի դիմաց վճարում են ճիշտ այնքան, որքան ծախսում են:

«Նոյեմբեր ամսին մեզ ոչ հաղորդագրություն եկավ, ոչ անդորրագիր: Գնացի բանկ ասացին պարտք չունեք, հետո գնացի Energo Pro Georgia-ի գրասենյակ նրանք էլ ասացին՝ մուծում չունեք: Իսկ դեկտեմբեր ամսին 170 լարի եկավ, գնացի պարզելու ինչու է այդքան գրել: Ինձ բացատրեցին, որ երկու ամիսն իրար հետ պետք է վճարեմ, սխալվել են չեն գրել հաշվիչի թվերը: Պարզվում է իրենց սխալի համար մենք պետք է վճարենք: Երկու ամիսը գումարել են և բարձր տարիֆներով հաշվել են: Բողոքեցի, մոտավոր հաշվեցինք, 30 լարի հետ վերադարձրին: Հիմա էլ հունվարը 130 լարի է գրել, ոչ մի անգամ այսքան չի գրել: Իրենց ինչպես ձեռք է տալիս, այդպես հաշվում են»,- ասաց Ախալքալաքի բնակիչ Ա. Այվազյանը:

Բնակիչները կասկածում են, որ Energo Pro Georgia-ի աշխատակիցները հաշվիչների տվյալները ամփոփելիս ներկայացնում են՝ ոչ թե իրական, այլ ավելի շատ սպառման տվյալներ, բայց ոչ այնքան շատ, որ տվյալ բաժանորդը հաջորդ ամսվա մեջ ավելի քիչ օգտագործի, քան հաշվիչի ցուցմունքն է: Իսկ հավելագրումներն արվում են շատ նուրբ մեխանիզմով: Պետք է նշել, որ օգտագործված էլեկտրաէներգիայի տվյալները սովորաբար ամփոփվում են յուրաքանչյուր ամսվա վերջին օրերին: Իսկ վճարումները նախատեսված են հաջորդ ամսվա 16-20-ը:

Այսինքն` երբ բնակիչը գնում է հոսանքի դիմաց վճարումներ կատարելու ու իմանում է, որ մի ինչ-որ մեծ` x (իքս) գումար պետք է վճարի: Ստուգելով հաշվիչի տվյալները բնակիչը չի հայտնաբերում իրական խաբեությունը: Որովհետեւ նա վճարում է նախորդ ամսվա համար, իսկ նախորդ ամսվա վերջից մինչև գումարը մուծելու պահը բավականին մեծ ժամանակ է անցած լինում: Բնականաբար բաժանորդն այդ ընթացքում շարունակում է սպառել էլեկտրաէներգիա, այսինքն` նրա հաշվիչի ցուցմունքը հասնում է էլեկտրիկի արձանագրած թվին և անցնում է դրանից:

«Նոր տարին մենք Ախալքալաքում չենք անցկացրել, 10 օր բացակայել ենք քաղաքից, բայց երկու անգամ ավելի շատ է գրել: Հաշվիչի թվերին նայում ենք ճիշտ է, բայց թե ինչպես կարող է այդքան գրել հանելուկ է: Փաստն այն է, որ երկու անգամ ավելի է գրել»,- ասաց Ախալքալաքի բնակիչ Անի Մինասյանը:

Այս օրերին մարդիկ մասայաբար իրենց դժգոհությունն են հայտնում: Ստեփանը բողոքով դիմել է Energo Pro Georgia-ի Ախալքալաքի մասնաճյուղ, սակայն կազմակերպության բացատրությունը չի գոհացրել վերջինիս:

«30 բնակիչներով հավաքվեցինք գնացինք բողոքի: Ամբողջ փողոցը նույնն է, եթե մեկինը լիներ, էլի ձայն չհանեինք, բայց բոլորինը երկու կամ երեք անգամ ավելին են գրել: Ամենքին մի պատճառ են բերում: Այնպես են անում, որ թանկ տարիֆով հաշվեն: Իսկ մենք ստիպված պետք է մուծենք, հո առանց լույսի չենք նստելու»,- ասաց քաղաքի բնակիչ Ստեփանը:

Վրաստանում սպառողները, որոնք օգտագործում են 100 կլվտ/ժ-ից ավելի մեկ ամսվա կտրվածքով պարտավորվում են ավելին վճարել: Էլեկտրաէներգիայի սակագինը հետևյալն է՝ 1-ից մինչև 100 կլվտ/ժ-ի դիմաց սպառողը պետք է վճարի 12,99 թեթրի: 100-ից մինչև 200 կլվտ/ժ-ի դեպքում՝ 16,93 թեթրի, իսկ 200 և ավելի կլվտ/ժ-ի դեպքում՝ 21,45 թեթրի:

Ըստ Energo Pro Georgia-ի Ախալքալաքի մասնաճյուղի մենեջերի խոսքերի խնդիրը նրանում է, որ էլեկտրական հաշվիչների թվերը արձանագրողները պարզապես դեկտեմբեր ամսին 5 օր շուտ են գրել:

«Ընդհանրապես հաշվիչների թվերը գրում են ամսի 30, 31, 1, 2-ին, այս տարի, որպեսզի նոր տարի օրով թիվ չհանեին, 5 օր շուտ գրեցին: Այդ 5 օրվա ծախսը գումարվել է հունվարին, իրանք էլ գիտեն, որ Ամանորին շատ են ծախսում: Ընդամենը հունվարին գումարվեց 5 օր, ուրիշ բան չի փոխվել: 5 օրվա ծախսը դեկտեմբերին քչացավ, բայց հունվարին՝ շատացավ: Բոլորս էլ գիտենք, որ Նոր տարվա օրերին ինչքան որ ծախսում են ամբողջ ամսվա մեջ այդքան չեն ծախսում: Բողոքողների հետ գնացել ենք, հատուկ ստուգել հաշվիչները և ամեն ինչ կարգին է: Շատ ենք բողոքներ ստացել, բոլորի հաշվիչները ստուգել ենք, հաշվիչների ցուցմունքը համապատասխանում է»,- ասաց Energo Pro Georgia-ի Ախալքալաքի մասնաճյուղի մենեջեր Վասո Անանիաշվիլին:

Մաթեմատիկական տարրական գումարում-հանում կատարելուց պարզ է դառնում, որ բնակչության 95 տոկոսը սպառած էլեկտրաէներգիայի դիմաց պետք է վճարի կրկնակի կամ եռակի անգամ շատ: Քանի որ մեկ ամսվա ծախսածին է գումարվում դեկտեմբեր ամսվա 5 օրը, արդյունքում սպառողի մի ամսվա ծախսը ավելանում է և նրանք, ովքեր խնայում են որպեսզի 1-ին սակագնով վճարեն, արդեն վճարում են 2-ով, իսկ ոմանք էլ 3-ով:

Աղունիկ Այվազյան