Օգոստոսի 8-ին, Ախալքալաքում հրդեհված տների սեփականտերերը փոխհատուցում են պահանջում, ինչպես նաև դժգոհում իրավապահ մարմինների աշխատանքից։
Երկու օր առաջ Ախալքալաքի կենտրոնում տեղի ունեցած սպանությունից հետո քաղաքում անկարգություններ են եղել: Սպանվածի համագյուղացիներն այրել են 4 տուն և մեկ հյուրանոց:
«Մենք տանը չէինք, տուն եկանք երեխաների հետ, տեսանք, որ լիքը ժողովուրդ է հավաքվել, այրվում են մեր տան վարագույրները, դռները, կրակն օդն է հասել արդեն, բոլորս շատ վախեցել էինք, երեխաները լացում ու բղավում էին, ահավոր վիճակ էր։ Պատուհանները ջարդել էին և ներսն այրել, հարևաններին, ոչ մեկին չէին թողնում մոտենալու, որ հանգցնեին կրակը, ասում էին, որ մինչև չայրվի, ոչ ոք մոտ չգնա։ Իմ ամուսինը, ամուսնուս եղբայրը կռվողի հետ ընկերներ են, խաչքավոր ենք, թե կռվի ընթացքում ամուսինս ու եղբայրը եղել են, թե ոչ, չեմ կարող ասել»,- ասում է այրված տներից մեկի բնակիչ Սիրանուշ Մանասյանը։
Ինչպես նա նշեց վնասի չափը մեծ է։
«Մենակ երևի 20-30 հազար դոլարի մեր շշեղենն էր, անտիկվար նկարներ, արձանիկներ ենք ունեցել, կահույքը, վերանորոգումը, բազմոցները թանկանոց, ամբողջությամբ այրել են, ոչնչացրել են», – հավելում է նա։
Սիրանուշն ասում է, որ տունը հրդեհողներն այնքան կատաղած են եղել, որ երևի, եթե տանը մարդ լիներ, հաշվի չառնեին այդ փաստը:
«Այնքան կատաղած էին, որ, եթե տանը լինեինք դժվար էլ հաշվի առնեին, միանգամից եկել մեծ-մեծ քարերով պատուհաններն էին ջարդել։ Մեր երեք փոքր երեխաները եկան տեսան ինչ է կատարվում, վախեցած են, ոչ գիշեր ունեն, ոչ ցերեկ, ոչ նորմալ խոսում են, ոչ էլ հաց են ուտում։ Շատ վախեցած են», – պատմում է Նալբանդյան փողոցում հրդեհված տան սեփականատերը։
Սիրանուշը պատմում է, որ երբ հարևանները սկսել են նրանց գնալուց հետո կրակը հանգեցնել, այրողները նորից հետ են դարձել՝ ասելով ինչու են հանգեցնում ու նորից վառել են, մինչև վերջ այրվել է, հետո գնացել են։ Մինչև հրշեջ ծառայությունը եկել է հարևանները կրակը հանգցրել են, այրվելիս է եղել միայն տան կտուրը և նրանք աշխատել են կտուրը հանգեցնելու ուղղությամբ։
«Ո՞վ է պատասխան տալու, սա մեր բնակելի տունն էր, տանիք չունենք, երեխաների հետ մի օր մի բարեկամի տանն ենք գիշերում, մի օր՝ մեկ ուիրշ։ Երեխաները լալիս են ասում, որ մեր տունն ենք ուզում, բայց ո՞ւր բերենք, նրանք սթրեսի մեջ են։ Տագերոջս կինը հղի վատացավ, շտապ օգնություն ենք կանչել, մի քանի օր է ուշքի չի գալիս», – ավելացնում է նա։
Օգոստոսի 8-ին հրդեհվել է նաև Նաիրա Հարությունյանի բնակարանը։ Նրանք տանն են եղել, բայց զանգել են քաղաքի բնակիչները և հայտնել, որ մոտ 30 հոգանոց խումբը շարժվում է դեպի իրենց տուն:
«Տունն այրել են, ջարդուփշուր արել, բան չեն թողել, պահարանները բացել, բենզինը լցրել, այրել են թոռնիկիս խաղալիքները, իսկ վերջում խոհանոցում գազի խողովակն են կտրել, որ պայթի: Այդ ժամանակ գոռացել են «տղաք դուրս ելեք, կպայթի», փորձագետը տեսավ զարմացավ։ Ի շնորհիվ հարևաններիս տունս մինչև վերջ չի այրվել, նրանք փակել են գազի կենտրոնական խողովակը։ 5 ժամ քաղաքն այրվում էր, մի ոստիկան չեկավ, իսկ վերջում հատուկ ջոկատայիններին, ես եմ խանութի մոտ տարել։ Այրել են նաև մեր մյուս տարածքը, ձորում ձկներ ունեինք, տնակներ ունեինք, ձկները բացել են։ Իմ որդին կռվին չի մասնակցել, տեսագրությունում էլ կա, վերևից մեքենայով գնալիս է եղել և տեսել այդ խումբը, նա մեքենայով մտել է խմբի մեջ այն բաժանելու համար։ Որդիս տեսել է, որ ընկերը գետնին ընկած է, և 30 հոգի մահակներով հարձակվել են։ Թող չլիներ այդ մահը, ոչ մեկ չէր ցանկանում, որ այդ երիտասարդը մահանար։ Բայց այդպիսի բարբարոսություն անել, անգամ թուրքը չէր անի։ Ես այդ գյուղի դեմ ոչինչ չեմ ունեցել, հակառակը՝ եկել են իմ մոտ, ես հագցրել կապցրել ճանապարհել եմ», – պատմում է Նաիրա Հարությունյանը։
Նառան դժգոհ է ոստիկանության աշխատակիցների աշխատանքից:
«Ես չեմ ասում, որ հատուկ ջոկատայինները գային տունս պաշտպանեին, թող տեղական ոստիկաները գային և շրջապատեին տունս, բայց ոչ ոք չի եղել։ Հետո իմացա, որ եկել են մեր տան մոտից ավելի ներքև կանգնած են եղել, մեքենաների մեջ ու պատուհանները փակ։ Այդ խումբը, ովքեր տուն էին այրում, քաղաքում ոչ թե մեքենաներով, այլ ոտքով են շրջել, փաստորեն ոչ մի ծառայություն չի աշխատել, ուրեմն իրենք շատ լավ էլ գիտեին, և իրենց “դուխ” տվող եղել է, որ այդպես ռիսկով գալիս ու այրում էին», – ավելացնում է նա։
Նաիրա Հարությունյանը բողոքում է նաև տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքից:
«Իմ տունը ուղակի չէր այրվել, իմ տունն այրել էին, նրանք չպե՞տք է գային և ասեին, արդյո՞ք օգնության կարիք ունենք, գիշերելու տեղ ունենք: Ոչ ոք չեկավ բացարձակապես։ Ես կյանքի գնով աշխատել եմ, ձեռքերս թափ տալով դուրս եմ եկել, ոչ մի բան չկարողացա վերցնել, ոչ գումարս, ոչ ոսկեղենս, ամեն ինչ այրվեց, ով զանգում է զարմանում են, թե ոստիկանություն չկա՞ մեր մոտ։ Զանգել եմ 112, ասում եմ, որ տունս վառում են, այնտեղից ինձ ասում են, ոստիկանությունն այդտեղ չէ։ Հետո իմացա, որ գնացել են Ռեվազ Մետրեվելիի տունն այրելու, գնացի այնտեղ, մեքենայից իջա ու տեսա, որ այդտեղ է հատուկ ջոկատը, ասեցի՝ 20 հոգով ինչու՞ եք այստեղ կանգնել, եկեք խանութիս մոտ, հիմա էլ խանութս կայրեն, եկան, բայց չէին էլ ուզում գալ, սակայն նրանց ասված էր, որ այդտեղ չհրկիզեն, շատ այլ խանութներ կա և վնասը էլ ավելի շատ կլինի և պատասխան շատերին պետք է տան», – ավելացնում է Նաիրան։
Նաիրա Հարությունյանի տան հրդեհը հարևաններն են հանգցրել, հրշեջ ծառայությունը չի մոտեցել։
Վերջինս պատրաստվում է փաստաբան վարձել և պայքարել փոխհատուցում ստանալու համար:
«Անպայման պետք է վարձեմ փաստաբան: Եթե այս դեպքն անպատիժ մնա, ապա սովորություն կդառնա, վաղը, եթե ինչ-որ կռիվ կամ խնդիր լինի, էլի կգնան կայրեն ամեն ինչ»,- հավելեց Նաիրան: