Օգոստոսի 29-ին «Միջազգային Թափանցիկություն – Վրաստան»-ը հայտարարություն է հրապարակել՝ ի պատասխան Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նոր որոշման։ Ըստ կազմակերպության հայտարարության՝ որոշման մեջ կատարված փոփոխություններն անտեսում են ընտրական գործընթացի թափանցիկությունը և խախտում «Ընտրական օրենսգիրքը»։ Փոփոխությունների համաձայն՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահները պետք է ընտրություններից մեկ շաբաթ առաջ վիճակահանությամբ բաշխեն գործառույթները հանձնաժողովի անդամների միջև։ Մինչ այժմ նման վիճակահանություն կատարվում էր անմիջապես ընտրությունների օրը։
Կազմակերպությունն ընդգծում է, որ ընտրությունների արդար և ազատ անցկացման ապահովման համար շատ կարևոր են հանձնաժողովականների գործառույթները, հատկապես՝ ընտրողների ռեգիստրի և հոսքը կարգավորողի գործառույթները։ Նախկինում վիճակահանությունը տեղի էր ունենում ընտրատեղամասերում՝ քվեարկության օրը ժամը 7:00-ից մինչև 8:00-ն, որին կարող էին հետևել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, միջազգային դիտորդներ և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ:
«ԿԸՀ-ի կողմից ընդունված նոր կանոնի արդյունքում գրեթե անհնար է մոբիլիզացնել լայնածավալ դիտորդական ռեսուրս միայն ընտրություններից 7 և ավելի օր առաջ Վրաստանում և արտերկրում բացված ավելի քան 3000 ընտրատեղամասերում վիճակահանությանը հետևելու համար։ Փոփոխության արդյունքում միանշանակ կտուժի վիճակահանության ընթացակարգի մոնիթորինգի որակը, ինչն անկասկած կնվազեցնի գործընթացի թափանցիկությունը»,- հավելում է «Միջազգային Թափանցիկություն-Վրաստան»-ը։
ԿԸՀ-ի որոշման օրինականությունը հիմնավորելու համար օգտագործվում է Վրաստանի «Ընտրական օրենսգրքի» 14-րդ հոդվածի առաջին մասի «գ» ենթակետը, ըստ որի՝ «բացառիկ դեպքերում, եթե անհնար է դարձել սույն օրենքով սահմանված անհատական պահանջների կատարումը/սահմանված ժամկետների պահպանումը, (ԿԸՀ-ն) որոշմամբ լիազորված է որոշել ընտրական միջոցառումները և ընթացիկ ընտրությունների/քվեարկության ժամկետները»:
Այնուամենայնիվ, «Միջազգային Թափանցիկություն – Վրաստան»-ը նշում է, որ ԿԸՀ-ն անտեսում է նույն 14-րդ հոդվածի առաջին մասի ենթակետերից մեկը, ըստ որի ԿԸՀ-ն իրավասու է լուծել ընտրական այլ ընթացակարգերի հետ կապված հարցեր՝ բացառությամբ քվեարկության օրվա ընթացակարգերի։ «Տվյալ բացառությունն ուղղակիորեն արգելում է ԿԸՀ-ին որևէ փոփոխություն կատարել քվեարկության օրվա անցկացման կարգում»,- ասվում է հայտարարությունում։
Միևնույն ժամանակ, կազմակերպությունը նշում է, որ ԿԸՀ-ն ամբողջությամբ չի կատարում 14-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետի պահանջները, քանի որ իր որոշմամբ չի բացատրվում, թե ինչ «բացառության դեպք» է տեղի ունեցել, ինչն անհնար է դարձրել անցկացնել վիճակահանությունն ընտրությունների օրը՝ 2023 թվականին կայացած միջանկյալ ընտրությունների ժամանակ, որոնք կիրառում էին նույն էլեկտրոնային տեխնոլոգիաներն ու ընթացակարգերը, որոնք նախատեսվում է կիրառել հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում, վիճակահանության հետ կապված խնդիրներ չէին հայտնաբերվել»,- հավելում է «Միջազգային Թափանցիկություն – Վրաստան»-ը։
Կազմակերպությունը կոչ է անում Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին չեղարկել ընդունված որոշումը և պահպանել «Ընտրական օրենսգրքով» վիճակահանության համար սահմանված ժամկետը։
Նմանատիպ գնահատականով և կոչով է հանդես եկել Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (GYLA) օգոստոսի 20-ին հրապարակված «Դատարանի ընկեր» եզրակացության մեջ։