Միջազգային ենթակառուցվածքային նախագիծը՝ Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղին անցնում է Ջավախքով, իսկ գլխավոր երկաթուղային կայարանը պետք է տեղակայվի Ախալքալաքում։ Այս ճանապարհը Եվրոպան Ասիային կապող միջանցքի բեռնափոխադրումների մասն է կազմում։ Վերոնշյալը բերում է այն մտքին, որ Ջավախքի փոքր մարզը պետք է արագ տեմպերով զարգանա, սակայն ԲԹԿ-ն շահագործվում է արդեն 7 տարի, իսկ շրջանում ակնհայտ տնտեսական փոփոխություններ չեն նկատվում։
ԲԹԿ երկաթուղին պաշտոնապես բացվել է 2017 թվականի նոյեմբերին, սակայն ճանապարհը դեռ շահագործվում է փորձնական ռեժիմով, իսկ շինարարական աշխատանքները շարունակվում են։
Երկաթուղու բացմամբ ենթադրվում էր, որ Ջավախքում
- Հարյուրավոր մարդիկ աշխատանքի կտեղավորվեն և ստիպված չեն լինի մեկնել խոպան
- Շրջանում կհայտնվեն շատ փոքր և միջին բիզնեսներ ու ենթակառուցվածքներ
- Առկա բիզնեսները կկարողանան օգուտ քաղել շահավետ փոխադրումներից
- Տեղական բյուջեն եկամուտ կստանա
- Ախալքալաքում կբարձրանաս գնացք, կիջնես Փարիզում
Սակայն, վերջին 7 տարիների ընթացքում այս ամենից տեղական բյուջե մուտք են գործել միայն մունիցիպալ հողերի օգտագործման հարկային եկամուտները:
Բեռնատար գնացքը ԲԹԿ-ում
Շինարարական աշխատանքներում Ջավախքից եզակի մարդիկ, կամ առավելագույնը տասնյակ մարդ է աշխատել։ Շինարարական ընկերությունները տեղաբնակներից, այսինքն՝ Վրաստանի քաղաքացիներից, հիմնականում աշխատանքի էին ընդունում Մառնեուլի բնակիչներին։ Հարցին, թե ինչու Ջավախքի տեղաբնակներին աշխատանքի չեք ընդունում, շինարարության պատասխանատու «Ազերինսաաթսերվիս» ընկերությունից պատասխանում էին, որ տեղացիները չգիտեն իրենց տեխնիկայով աշխատել։
Ախալքալաքի բիզնես կենտրոնի տնօրեն Մախարե Մացուկատովն ասում է, որ հիմա էլ շատ անհասկանալի բաներ են կատարվում թե՛ ԲԹԿ-ի շուրջ, թե՛ նրա ներսում։
«Շատ է անհասկանալին, սկզբում խոստացել էին, որ աշխատատեղեր կբացեն, որտեղ կաշխատեն տեղացիները, աշխատում են, բայց նրանք շատ քիչ են, այն էլ սևագործ աշխատանքն են անում: Նրանք ուսումնարան պետք է բացեին Ջավախքում, բայց այդպես էլ չբացեցին, բնակչությունը չի կարող օգտվել Ախալքալաքի կայանից»,- ասում է Մախարե Մացուկատովը։
Մախարե Մացուկատովն ասում է, որ որպեսզի Ջավախքը հետագայում տնտեսապես զարգանա, և բնակչությունն որոշակի օգուտ ստանա այս նախագծից, անհրաժեշտ է, որ
«Հնարավոր լինի Ախալքալաքից ապրանք բառնալ և բեռնաթափել, եթե այստեղ տերմինալներ լինեին, բիզնեսը կզարգանար: Ախալքալաքի երկաթուղային կայարանը ունենար ցամաքային նավահանգստի կարգավիճակ, այս դեպքում աշխատատեղեր կբացվեին, նավահանգստի շուրջ կստեղծվեր բիզնես (հյուրանոցներ, սրճարաններ, պահեստներ, լոգիստիկ ընկերություններ) և շրջանը կվերադարձներ իր պատմական գործառույթը որպես առևտրական ճանապարհների խաչմերուկ»,- ասում է Մախարե Մացուկատովը։
Ինչ վերաբերում է ուղևորափոխադրումներին, ապա 2019 թվականի մարտին Ախալքալաք ժամանեց փորձնական մարդատար գնացքը, այդժամ տեղեկացվեց, որ կանոնավոր ուղևորափոխադրումները կսկսվեն 2019 թվականի հունիսից։ Սակայն դա տեղի չունեցավ։ Ուղևորափոխադրումների բացման հնարավորության մասին դեռ տեղեկություն չկա։
Շրջանի բնակչությունը ԲԹԿ-ից դրական փոփոխություններ չի զգում: Դեռ այն գյուղերի բնակիչները, որտեղով անցնում է երկաթուղային գիծը, խոսում են միայն իզուր կորցրած սեփականության կամ երկաթուղու պատճառով մարդկանց ու անասունների տեղաշարժի անհարմարության մասին։ Հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել միջազգային նախագիծը, տեղացիները չեն էլ մտածում։ Սակայն, չնայած այս ամենին, Մախարե Մացուկատովը կարծում է, որ ԲԹԿ-ն կարող է շատ օգուտներ բերել շրջանին։
«Մեր շրջանի համար ԲԹԿ-ն մեծ օգուտ կբերի, դրական բաներ ունի այն, բայց, ցավոք, կան նաև բացասական բաներ, դա միշտ տեղի է ունենում ցանկացած զարգացման, ցանկացած խոշոր շինարարության դեպքում»,- հավելում է Ախալքալաքի բիզնես կենտրոնի տնօրենը:
Սակայն, որպեսզի տեղի բնակչությունն օգտվի այն բարիքներից, որը հնարավոր է տա երկաթուղին, նրանք պետք է պատրաստ լինեն դրան, պետք է պատրաստ լինեն բացել սպասարկման տարբեր բիզնեսներ և աշխատեն այդ նախագծում։ Սակայն տեղի բնակչությունը պատրաստ չէ ոչ մեկին, ոչ էլ մյուսին: Հարց է առաջանում, ով պետք է օգնի տեղի բնակչությանը և ցանկանում է/կարո՞ղ է օգնել…
Փորձնական մարդատար գնացքը, մարտ, 2019 թվական
ეს მასალა შექმნილია ევროკავშირის (EU) ფინანსური მხარდაჭერით. მის შინაარსზე პასუხისმგებელია ააიპ “ღია საზღვრები” და შესაძლოა, რომ იგი არ გამოხატავდეს ევროკავშირის შეხედულებებს.
Այս նյութը պատրաստվել է Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսական աջակցությամբ։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է շահույթ չհետապնդող «Բաց սահմաններ» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
მასალა შექმნილია პროექტის „სამოქალაქო საზოგადოების გაძლიერება სოციალურ, ეკონომიკურ და პოლიტიკურ ცხოვრებაში თანაბარი და სრულყოფილი მონაწილეობისთვის“ ფარგლებში, განმახორციელებელი HEKS\EPER Georgia-ს მიერ რეგიონალურ პარტნიორ ორგანიზაციებთან, სამოქალაქო ინტეგრაციის ფონდი (CIF) – ქვემო ქართლი, სამოქალაქო საზოგადოების ფორმირების ხელშემწყობი ცენტრი (SCCSF) – სამცხე-ჯავახეთი, თანამშრომლობით.
Նյութը ստեղծվել է «Քաղաքացիական հասարակության հզորացում սոցիալական, տնտեսական և քաղաքական կյանքում հավասար և լիարժեք մասնակցության համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է HEKS-EPER Georgia-ի կողմից, տարածաշրջանային գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ՝ Քվեմո Քարթլիում «Քաղաքացիական ինտեգրման հիմնադրամ»-ի (CIF) և Սամցխե-Ջավախեթիում «Քաղաքացիական հասարակության ձևավորման կենտրոն»-ի (SCCCF)։