Ամերիկացի սենատոր Ջին Շահինի և կոնգրեսական Մայք Թըրների Վրաստան կատարած այցից հետո Վրաստանի տարբեր քաղաքական կուսակցություններ, ինչպես նաև իրենք՝ ամերիկացի քաղաքական գործիչները, հայտարարություններ են արել ԱՄՆ-ի և Վրաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացման մասին։ Jnews-ը մեջբերում է դրանցից մի քանիսը.
Սենատոր Ջին Շահինը Վրաստան կատարած այցից հետո հայտարարություն է կատարել։ Հայտարարության մեջ ասվում է, որ ճիշտ ուղի վերադառնալու առաջին քայլը պետք է անի Վրաստանի կառավարությունը։
«16 տարի առաջ Վրաստան ներխուժած ավտորիտար պետությունների, ինչպիսին է Ռուսաստանը, ավելի ու ավելի ագրեսիվ գործողությունների ֆոնին, կարևոր է, որ մենք վերահաստատենք ԱՄՆ-ի ամուր աջակցությունը վրաց ժողովրդի իրավունքին՝ ունենալու երկիր, որը կարող է ինքնուրույն որոշել իր ապագան։ Կառավարության պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ հանդիպումների ժամանակ մենք ևս մեկ անգամ պարտավորվեցինք աջակցել վրաց ժողովրդի եվրաինտեգրման նկրտումներին, բայց նաև ասացինք, որ ձեռքերը ծալած չենք մնալու դեմոկրատական հետընթացի և Միացյալ Նահանգների հասցեին կանխամտածված ու կեղծ հայտարարությունների դեմ»,- հայտարարել է սենատորը։
Սենատորն անվանել է կառավարության որոշ գործողությունները, որոնք ԱՄՆ-ն ակնկալում է որպես «առաջին քայլ՝ ճիշտ ուղու վրա վերադառնալու համար»:
«Մենք պետք է տեսնենք ազատ և արդար ընտրություններ ու բարեխիղճ ջանքեր՝ չեղյալ համարելու օտարերկրյա գործակալների մասին օրենքը, որն ավելի շատ վնաս է հասցնում երկրին, քան օգուտ՝ ԵՄ անդամակցության օրակարգն առաջ մղելու համար»:
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է. «Մենք մեր գործընկերներին շատ հստակ ասել ենք, թե ինչպես ենք տեսնում վրաց-ամերիկյան հարաբերությունների վերագործարկումը»:
«Դրա համար առաջին հերթին կարևոր և անհրաժեշտ է, որ գալիք տարում չտեսնենք այնպիսի գործընթացներ, ինչպիսին տեսել ենք վերջին 4 տարիների ընթացքում, օրինակ՝ այն, ինչ անում էր ԱՄՆ նախկին դեսպանը։ Այս ֆոնին, վերջին 4 տարիների ընթացքում արհեստականորեն ստեղծված այս խնդիրների ֆոնին, անհրաժեշտ է հարաբերությունների վերագործարկում։ Հարաբերությունների վերագործարկումը պահանջում է արդար, ճիշտ և առողջ մոտեցում: Մեր կողմից քայլերը ձեռնարկված են, մենք սպասման ռեժիմում ենք՝ սպասում ենք մեր ամերիկացի գործընկերների կողմից պատասխան քայլերի»։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ամերիկյան կողմի հայտարարությունները գնահատել է որպես «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի առնչությամբ ստի արշավ։
«Նրանք պնդում էին, որ թափանցիկությունը դա վատ է: Եթե ես ինչ-որ բան սխալ եմ անում, եթե դու իմ ընկերն ես, դու պետք է ասես այդ մասին, թե ինչն եմ սխալ անում: Մենք օրենքի հետ կապված որևէ փաստարկ չլսեցինք, միայն մեկ պատասխան կար. Սա սխալ վերաբերմունք է… Մենք հարգում ենք երկրի ռազմավարական գործընկերներին, պատրաստ ենք բարեկամության, համագործակցության, բայց դա պետք է փոխադարձ լինի։ Կարծում եմ, որ նշյալ հարաբերությունները փակուղի են մտել և պետք է վերագործարկվեն։ Վրաստանի իշխանությունները կոնկրետ քայլեր են ձեռնարկում առկա հարաբերությունները խորացնելու և դրանք էլ ավելի մերձեցնելու ուղղությամբ»։
Չնայած հարաբերությունների վերագործարկման և խորացման պատրաստակամության մասին հայտարարություններին, ընդդիմությունում տեսան, որ այդ վերագործարկումը տեղի չի ունենա, եթե «Վրացական երազանքը» շարունակի մնալ իշխանության ղեկին։