Վրաստանի իշխանությունները քայլեր են ձեռնարկել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու և վերականգնելու ուղղությամբ և նույնն են ակնկալում իրենց ամերիկացի գործընկերներից։ Լրագրողներին հայտնել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Անհրաժեշտ է վերագործարկել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ։ Դրա համար անհրաժեշտ է արդարություն, ճշմարտություն, ողջախոհ մոտեցում։ Մեր կողմից քայլերն արդեն ձեռնարկվել են։ Մենք արդեն սպասում ենք փոխադարձ քայլերի, որոնք պետք է ձեռնարկվեն մեր ամերիկացի գործընկերների կողմից»,- ասել է Կոբախիձեն։

Կառավարության ղեկավարը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկել վրացական իշխանությունները ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերականգնելու համար։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հուլիսի 31-ին ասել է, որ Վաշինգտոնը որոշել է դադարեցնել Թբիլիսիին ավելի քան 95 մլն դոլարի չափով օգնության ծրագիրը՝ կապված Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման հետ։ Նախկինում, նույն պատճառով, ԵՄ-ն որոշել էր սառեցնել 30 միլիոն եվրոն, որը նախատեսվում էր հատկացնել Վրաստանի պաշտպանության նախարարությանը։