Վրաստանում նոր կուսակցություն է ստեղծվել՝ «Մենք»։ Այս մասին հայտարարել է Հակաօկուպացիոն շարժման առաջնորդ Դավիթ Քացարավան։
«Մենք գիտենք, որ ուժը միասնության մեջ է, և հետևաբար մեր դուռը բաց է բոլորի համար: Սպասում ենք բոլոր նրանց, ովքեր հավատում են, որ պայքարը միշտ իմաստ ունի, և հոկտեմբերի 26-ին մեր հաղթանակն անխուսափելի է։ Մենք պայքարում ենք մեր ընդհանուր հաղթանակի համար», – գրել է Քացարավան սոցցանցում։
Նրա խոսքով, «Մենք»-ը քաղաքական ուժ է, որը «միավորում է իրենց ոլորտի պրոֆեսիոնալներին և այն քաղաքացիական ակտիվիստներին, ովքեր երբեք չեն նահանջել երկրի բարօրության համար պայքարում»։
Դեռ հայտնի չէ՝ Քացարավան նախատեսում է ընտրություններին մասնակցել անկախ, թե նա կհայտարարի այլ կուսակցությունների հետ համագործակցության մասին։ Խորհրդարան մտնելու համար կուսակցությունները պետք է հավաքեն ձայների 5 տոկոսը։
Քացարավան դաժան ծեծի է ենթարկվել անվտանգության ուժերի կողմից Թբիլիսիում «Oտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ կազմակերպված ցույցի ժամանակ։ Ավելի ուշ Թբիլիսիի քաղաքային դատարանը նրան վարչական հոդվածով տուգանել է 2 հազար լարիով՝ «ոստիկանին չհնազանդվելու և վիրավորելու համար»։