Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի Ախալքալաքի մասնաճյուղում սկսել է գործել «Տուրիզմ» նոր բակալավրի կրթական ծրագիրը։ Առաջին ուսանողներն արդեն ընդունվել են և սկսել դասախոսությունները։ Մասնաճյուղում գործում է բարձրագույն կրթության երկու ծրագիր՝ տուրիզմ և վրաց բանասիրություն։ Այս տարի տնտեսագիտության ուղղությամբ ընդունելություն չի եղել։
Ինչպես հայտնում են Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանից, նոր ուղղությունը նոր ուսումնական տարում Ախալքալաքի մասնաճյուղում ներկայացված կրթական ծրագրերի հիմնական փոփոխություններից մեկն է։
Ծրագրի ընդունելությունն իրականացվել է միասնական ազգային քննությունների արդյունքների հիման վրա։ Առաջին խմբի ձևավորմանը նպաստել է նաև վրաց լեզվի նախապատրաստական ծրագիրը։ Նախապատրաստական դասընթացն ավարտած ուսանողները շարունակել են ուսումն իրենց ընտրած ուղղություններով։
«Մենք ունենք վրաց լեզվի նախապատրաստական ծրագիր։ Այն ավարտած ուսանողների հիմնական խումբն ընտրել է հենց տուրիզմը։ Արդյունքում ուսանողները բաշխվել են երկու ծրագրերի միջև՝ վրաց բանասիրություն և տուրիզմ։ Եվ սա այն չէ, ինչ կլինի ապագայում․ ծրագիրն արդեն գործում է, ուսանողներն ընդունվել են և սովորում են։ Հետևաբար, երբ ասում են, որ Ախալքալաքում տնտեսագիտություն չկա և այն փակվել է, դա այդպես չէ։ Ծրագիրը չի փակվել, պարզապես ընդունելությունն է փոխվել»,- ասում է Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի բանասիրական գիտությունների դոկտոր Մակա Բերիձեն։
Բուհի ներկայացուցիչների խոսքով՝ ծրագիրն արդեն փաստացի գործում է․ ուսանողներն ընդունվել են, դասախոսությունները սկսվել են, և ուսումնական գործընթացն ընթանում է բնականոն հունով։ «Տուրիզմ» ծրագրի ներդրումը նաև փոփոխություններ է մտցրել Ախալքալաքում ընդունելության կառուցվածքում։ Մասնավորապես, այս տարի տնտեսագիտության ուղղությամբ նոր ընդունելություն չի իրականացվել։ Միևնույն ժամանակ, «Տնտեսագիտություն» ծրագիրը չի փակվել․ այդ ուղղությամբ շարունակում են սովորել բարձր կուրսերի ուսանողները։
Տուրիստական ներուժ և հարուստ պատմամշակութային ժառանգություն ունեցող տարածաշրջանում գտնվող քաղաքի համար մասնագիտացված կրթական ծրագրի ներդրումը հնարավորություն է ստեղծում մասնագետներ պատրաստել անմիջապես տեղում։ Տուրիզմ դասավանդելու են ինչպես Ախալցիխեից, այնպես էլ Թբիլիսիից հրավիրված դասախոսներ։
«Որոշ մասնագետներ կգան Թբիլիսիից։ Նրանք դասավանդելու են ինչպես Ախալցիխեում, այնպես էլ Ախալքալաքում՝ օրինակ՝ անգլերեն լեզու, ակադեմիական գրավոր խոսք և այլ առարկաներ։ Իսկ հիմնական մասնագիտական առարկաները Ախալքալաքում, բնականաբար, դասավանդելու են Ախալցիխեի պրոֆեսորները»,- ասում է Մակա Բերիձեն։
Ախալցիխեում ևս շարունակվում է կրթական ծրագրերի զարգացումը։
«Ախալցիխեում նույնպես ունենք «Տուրիզմ» ծրագիր։ Բացի այդ, գործում է հնգամյա ինտեգրված «Անասնաբուժություն» ծրագիրը, որն ավարտվում է մագիստրոսի դիպլոմի շնորհմամբ։ Ունենք նաև համակարգչային և ՏՏ տեխնոլոգիաների, էկոլոգիայի, ագրոնոմիայի, վրաց և անգլերեն բանասիրության, պատմության ծրագրեր։ Այս տարի այս ուղղություններով ընդունել ենք առաջին կուրսի ուսանողների»,- ասում է Մակա Բերիձեն։



