Այսօր՝ օգոստոսի 9-ին, Ախալքալաքում տեղի ունեցավ «Ջավախքի գարուն» երգի-պարի 14-րդ մրցույթ-փառատոնը։Ախալքալաքի մունիցիպալիտետի 27 համույթներ՝ գունավոր տարազներով, իրենց գյուղի անվամբ պաստառներով այսօր հավաքվել էին Մշակույթի տան դիմաց՝ ավանդական խմբակային լուսանկար նկարվելու և սկսելու «Ջավախքի գարուն» ամենամյա երգի ու պարի փառատոնը։

paraton

paraton2

paraton3

Յուրաքանչյուր անսամբլ ցույց տվեց իր հմտությունները, տարբեր տարիքի երեխաներ ներկայացրեցին թե՛ հայկական, թե՛ վրացական պարեր, բեմից հնչեցին նաև ժողովրդական մեներգեր։ Դահլիճը լեփ-լեցուն էր հանդիսատեսով՝ իրենց երեխաներին տեսնելու էին եկել ծնողները, մտերիմներն ու ընկերները։

paraton6

paraton7

paraton8

paraton9

Փառատոնին ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ախալքալաքում մշակույթի ոլորտի գործիչներ։ Ժյուրին գնահատեց մասնակիցների ելույթները։

«Այսօր «Ջավախքի գարունը» երգի-պարի 14-րդ փառատոնի փակումն է՝ գալա համերգը։ Մասնակցել է 27 կոլեկտիվ։ Նշեմ, որ մի փոքր ուշացել ենք, քանի որ ամեն տարի փառատոնն անցկացնում ենք հունիսին, ամենաուշը՝ հուլիսին։ Եվ հետևաբար, շատ կոլեկտիվներ արդեն արձակուրդում էին և չէին կարողանում մասնակցել»,- մեկնաբանեց Ախալքալաքի ակումբների միավորման տնօրեն Աշուղ Ալիք Ջավախքը։

Նա նաև շնորհակալություն հայտնեց Ախալքալաքի քաղաքապետարանին՝ ֆինանսական աջակցության համար։

paraton4

paraton5

Համերգի ավարտին հայտնի դարձան մրցույթ-փառատոնի հաղթողները։ Տեղերը բաշխվել են հետևյալ կերպ.

Գրան պրի փառատոնի գլխավոր մրցանակը «Պար» անվանակարգում ստացավ Խանդո գյուղի համույթը։

Գրան պրի փառատոնի գլխավոր մրցանակը «Երգ» անվանակարգում ստացավ Անի Թորոսյանը։

«Պար» անվանակարգում՝

1-ին տեղ՝ Սամսար գյուղի համույթ

2-րդ տեղ՝ Վարևան գյուղի համույթ

3-րդ տեղ՝ Վաչիան գյուղի համույթ

«Երգ» անվանակարգում՝

1-ին տեղ՝ Աղուն Ունանյան

2-րդ տեղ՝ Նարեկ Մարտիրոսյան

3-րդ տեղ՝ Ռաֆիկ Հակոբջանյան

Հիշեցնենք, որ «Ջավախքի գարուն» փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2008 թվականին։ Համաճարակի պատճառով փառատոնը երկու տարի չի անցկացվել։ Մյուս տարիներին այն պարբերաբար տեղի էր անցկացվում էր տարին մեկ անգամ՝ ամռանը։ Սկզբում գյուղերում անցկացվում է ընտրական փուլ, հետո գալա համերգին հայտարարվում են հաղթողները։