Երեկ՝ օգոստոսին 6-ի երեկոյան Ախալքալաքի մունիցիպալիտետում Ալաստան-Վարևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը տեղափոխվել է Ախալքալաքի հոսպիտալ։ Բժիշկների գնահատմամբ՝ վիճակը ծանր է։

Ըստ մեր տեղեկությունների Դ․Ս․-ն՝ ծնված 1999 թվականին և Պ․Յ․-ն՝ ծնված 1998 թվականին, արագության պատճառով չեն կարողացել կառավարել մեքենան, ինչի հետևանքով մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մի քանի անգամ շրջվել։ Դ․Ս․-ն տեղում մահացել է, իսկ Պ․Յ․-ն ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

Ախալքալաքի հիվանդանոցում Պ․Յ․-ին վիրահատել են, սակայն նրա վիճակը գնահատվում է ծանր։

«Կատարվել է վիրահատություն, տեխնիկապես վիրահատությունը նորմալ է անցել, անձամբ եմ կատարել վիրահատությունը՝ 4 ժամ տևողությամբ, մետր ու կես աղի ենք հեռացրել, վնասվածքները շատ-շատ են, ունի ողնաշարի կոտրվածք, ողնուղեղի վնասվածք, գոտկատեղի ոսկորների ամբողջական կոտրվածք, կողերի կոտրվածք և 4-րդ աստիճանի տրավմատիկ շոկ։ Կանչել ենք խումբ, սակայն նրանք գրեցին, որ իմաստ չկա տեղափոխելու, քանի որ ստացած վնասվածքները անհամատեղելի են կյանքի հետ»,- ասաց Ախալքալաքի հոսպիտալի մենեջեր Ալեքսան Թորոյանը։

Ինչպես JNEWS-ին հայտնեցին Վրաստանի ներքին գործերի նախարարությունից, գործի առթիվ հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, ինչը նշանակում է՝ երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում։