Ախալքալաքի շրջանի Արագվա գյուղի ձմեռային ժամանցի կենտրոնը գործում է ամեն օր ժամը 14:00-ից մինչև ժամը 17:00, սակայն այստեղ հյուրաշատ օրերը քիչ են:
Մեր այցը Արագվայի ձմեռային ժամանցի կենտրոն բավականին արկածային և հետաքրքիր էր: Ձմռանն անտառում քայլել այն դեպքում, երբ շուրջ բոլորդ ոչ-ոք չկա, մի պահ հայտնվում ես հեքիաթային միջավայրում: Տարածքում մարդ չկար, որովհետև մենք շուտ էինք գնացել, սակայն կարճ ժամանակահատվածում մեզ նկատելով եկան նաև մարզիչները:
Եղևնիների մեջ գտնվող փոքրիկ տնակում այցելուներ ընդունելու բոլոր հնարավորությունները կան: Երկհարկանի տնակի 2-րդ հարկում 6 անձի համար նախատեսված ննջարան է, իսկ ներքևում՝ խոհանոց, սանհանգույց և պահեստասենյակ, որտեղ չօգտագործվող դահուկներ և համազգեստներ են պահվում:
Այստեղ հիմնականում գյուղի աշակերտներն են այցելում, երբեմն նաև հյուրեր են լինում հարակից գյուղերից և Ախալքալաքից, սակայն շատ քիչ են լինում նման հյուրաշատ օրեր:
Այցելուները եթե չգիտեն դահուկ խաղալ, նախ սովորում են փոքր տարածության վրա, իսկ, երբ արդեն պատրաստ են լինում, հատուկ դահուկորդների համար նախատեսված ճոպանով բարձրանում են դահուկուղու սկիզբ և այնտեղից սահում: Դահուկուղու ընդհանուր երկարությունը 280 մետր է, որտեղից միայն պրոֆեսիոնալներին է թույլատրվում սահել:
«Արդեն 3 տարի է աշխատում եմ, այսօրվա դրությամբ ունենք 50 աշակերտ, ովքեր կարելի է ասել գրեթե պրոֆեսիոնալներ են: Հիմնականում մեր գյուղացիներն են: Լինում է, որ կոշիկները չի հերիքում, հերթով են խաղում»,- մեզ հետ զրույցում ասաց դահուկուղու կենտրոնի պատասխանատու և ավագ մարզիչ Սպիրիդոն Ունանյանը, ում գյուղի բնակիչները ճանաչում են Պեպո անունով:
50 աշակերտից, միայն 6-ն են աղջիկներ, սակայն նրանք բավականին ակտիվ ու մրցույթների մասնակցած դահուկորդներ են:
Այստեղի սաները հրավերների դեպքում մասնակցում են նաև մրցույթների՝ ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում:
Դահուկներին համապատասխան կոշիկները նախատեսված են հիմնականում աշակերտների համար, այսինքն մեծ չափսերի դահուկներ չկան՝ բացի մարզիչների դահուկներից:
Սպիրիդոնի հետ զրույցում իմացանք, որ այս բոլոր ծառայություններն անվճար են, անկախ նրանից այցելուները ուղակի խաղացողներ են, թե սկսնակ սովորողներ: Մարզիչները մեծ սիրով և համբերատարությամբ աշխատում և սովորեցնում են անգամ սկսնակներին, որոնցից էինք նաև՝ մենք: Չնայած որոշ սայթաքումների, սակայն հմուտ մարզիչների օգնությամբ, կարողացանք ի վերջո հաղթահարել դահուկով սահելու տարրական արգելքները:
«Մեզ մոտ հանգստանալու համար բոլոր պայմանները կա, թե ընկերներով, և թե ընտանիքով հանգստանալ ցանկացողների համար շատ դրական պայմաններ են ապահովված», – ասաց Սպիրիդոնը, հավելելով, որ մինչև այսօր այստեղ գիշերելու ցանկություն ունեցող հյուրեր չեն ունեցել:
«Եթե նման դեպք լինի, որ այցելուները ցանկանան գիշերել այստեղ, ես կտեղեկացնեմ շրջանի ղեկավարին, այնուհետև կանենք այնպես ինչպես հարկն է», – ասաց Սպիրիդոնը:
Արագվայի այս գողտրիկ վայրում աշխատւմ են 2 մարզիչ և հավաքարար, ով ամեն օր մաքրում է տարածքը, չնայած բուժքույր չկա, բայց առաջին օգնության պարագաները կան, և հարկ եղած դեպքում, հենց մարզիչները կարող են օգնել:
Այս փոքրիկ կենտրոնը նախատեսված չէ շատ հյուրեր ընդունելու համար, սակայն պահանջարկի դեպքում այստեղ կարող է զարգանալ բիզնեսը: Երազելով և ցանկանալով ձմեռային ակտիվ հանգիստ Բակուրիանում կամ Ծաղկաձորում ախալքալաքցիները չեն պատկերացնում, որ ձմեռային ժամանցի վայրը այսքան մոտ և մատչելի է:
Ջուլիետա Տոնականյան
Աղունիկ Այվազյան