Վերջին մի քանի օրերին կրկին հաճախակիացել են թափառող շների հարձակումներն Ախալքալաքի բնակիչների վրա։ Հարձակումների մոտավորապես նույն ցուցանիշը, սակայն, գրանցվել է նաև անցյալ տարի։
2024 թվականի 7 ամիսների ընթացքում Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնը (ՀԱԿ) արձանագրել է Ախալքալաքի բնակիչների վրա կենդանիների հարձակման 73 դեպք։ Ի թիվս բոլորի, գրանցվել է կատվի և առնետի հարձակումների մեկական դեպք, մյուս դեպքերը՝ շների հարձակումներն են։
«Վերջին ժամանակներս տեղեկություն ենք ստանում օրական 2-3 հարձակումների մասին: Վերջին շրջանում կծոցների թիվը շատացել է։ Ամենաշատ կծոցները գրանցվում են թափառող շների կողմից»,- ասում է Ախալքալաքի ՀԱԿ տնօրեն Սիրանուշ Տոնականյանը։
Ամբողջ 2023 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակիչների վրա կենդանիների հարձակումների 149 դեպք է գրանցվել։ Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնի (ՀԱԿ) տվյալներով՝ 2023 թվականի 7 ամիսների ընթացքում գրանցվել է 74 կծոց։
Թափառող շների խնդիրն ամենաբարդ խնդիրներից է ոչ միայն Ախալքալաքի մունիցիպալիտետի, այլև ողջ Վրաստանի համար։ Մունիցիպալ իշխանությունների վարած քաղաքականությունն ապացուցվել է, որ անարդյունավետ է: Ի թիվս այլ խնդիրների, խնդիր է նաև, որ մինչև մրցույթով սկսվում է շներին բռնելու և ստերջացնելու գործընթացը, շները ժամանակ են ունենում բազմանալու, և նրանց թիվը մի քանի անգամ ավելանում է։ Այս տարի այս գործընթացը դեռ չի սկսվել, չնայած այն հանգամանքին, որ մրցույթի գումարն ի սկզբանե նախատեսված էր 2024 թվականի բյուջեով։ Այդ աշխատանքների իրականացման համար մրցույթը կայացավ երկրորդ անգամից, քանի որ առաջին անգամ դադարեցվել էր մրցույթի պայմանները հստակեցնելու համար։ Սակայն մրցույթի կայացումից հետո աշխատանքներ կրկին չեն տարվում, քանի որ ընկերությունը մրցույթի պայմանները բողոքարկել է Մրցութային հանձնաժողովում։
ՀԱԿ-ի տվյալներով՝ Ախալքալաքի մունիցիպալիտետում կատաղության դեպք չի գրանցվել։