Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը (CRRC-Վրաստան) հրապարակել է «Կովկասյան բարոմետր-2024» հետազոտությունը: Հետազոտության համաձայն՝ Վրաստանում աճել է երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու կողմնակիցների թիվը։Մասնավորապես, հարցվածների ընդհանուր թվի 48%-ը վճռականորեն կողմ է արտահայտվել Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելուն, 22%-ն ավելի շատ կողմ է արտահայտվել ԵՄ-ին անդամակցությանը։
Նոր ուսումնասիրության համաձայն՝ ավելացել է նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկություն ունեցողների թիվը։ Հարցվածների 37%-ը լիովին աջակցում է Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։
«Ավելի շատ աջակցում եմ, քան չեմ աջակցում»,- այսպես է պատասխանել հարցվածների 20%-ը։
Նախորդ ուսումնասիրությունն իրականացվել է CRRC-Georgia-ի կողմից 2021թ.-ին:
Այն ժամանակ հարցվածների 34%-ը լիովին կողմ էր Վրաստանի անդամակցությանը ԵՄ-ին, իսկ 31%-ը՝ ՆԱՏՕ-ին։
«Կովկասյան բարոմետրը» ամենամյա հետազոտություն է, որը 2008 թվականից պարբերաբար անցկացվում է սոցիալական, մշակութային, տնտեսական և քաղաքական հարցերի շուրջ: Այս տարի այն անցկացվել է 12-րդ անգամ։
Հարցմանը մասնակցել է 1509 հարցվող, իսկ առավելագույն սխալման շեմը կազմում է մինչև 3%: Արդյունքները ներկայացուցչական են ողջ երկրի, ինչպես նաև մայրաքաղաքի, այլ քաղաքների և գյուղական բնակավայրերի համար և չեն ներառում օկուպացված տարածքները։