Վրաստանի հարավում ոստիկանությունը ձերբակալել է գյուղական դպրոցի նախկին հաշվապահին, ով բյուջեի գումարները ծախսում էր կազինոյում։ Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Գերատեսչությունը չի նշում մեղադրյալի սեռը և չի հայտնում նրա անունը։ Հետաքննության տվյալներով՝ 2019-2021 թվականներին Ադիգենի համայնքի Դերցելի գյուղի դպրոցում որպես հաշվապահ աշխատելիս իր հաշվին է փոխանցել դպրոցի միջոցներից 142,6 հազար լարի։ Հաստատված է, որ նա այդ գումարը ծախսել է «մոլախաղերի վրա, տարբեր կոմերցիոն և զվարճանքի օբյեկտներում»։

Նախկին հաշվապահին մեղադրանք է առաջադրվել «պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակություն» հոդվածով։ Նրան սպառնում է 7-ից 11 տարվա ազատազրկում։

Դատախազությունը դատարանին միջնորդություն է ներկայացրել, որպեսզի ձերբակալվածի նկատմամբ խափանման միջոց ընտրվի կալանքը:

Հետաքրքիր է, որ նման դեպք որոշ ժամանակ առաջ տեղի էր ունեցել Գորիում։ Քաղաքապետարանի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալության հաշվապահը բերման էր ենթարկվել պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գումարներ յուրացնելու մեղադրանքով։ Հետաքննությունը պարզել է, որ նա յուրացված միջոցները ծախսել է առցանց խաղարկություններում։