Ինչ են ասում բնակիչները, որոնց անմիջապես վերաբերում են «Վրաստանի Ընտրական Օրենսգրքի» փոփոխությունները, ըստ որոնց Ախալքալաքի 17 գյուղ փոխանցվում են Բորժոմի ընտրատարածքին, գիտեն արդյոք այդ փոփոխությունների մասին և ինչպես են բացատրում իրենց դիրքորոշումը:

Ախալքալաքի շրջանի Ազավրեթը ևս ընդգրկված է Բորժոմի ընտրատարածքի մեջ մտնող գյուղերի ցանկում: Մենք հետաքրքրվեցինք Ազավրեթի բնակիչներից տեղյակ են արդյո՞ք, որ համապատասխան նոր օրենքի Ախալքալաքի շրջանի թվով 17 գյուղերը միացնում են Բորժոմի ընտրատարածքին, գիտեն արդյո՞ք, որ տեղական իշխանությունը նամակ-դիմումով դիմել է գլխավոր իշխանությանը օրենքը չեղարկելու համար և ինչպիսի՞ վերաբերմունք ունեն այդ հարցի վերաբերյալ:

Ներկայացնում ենք ազավրեթցիների պատասխանները մեր հարցերին:

«Այն, որ նման օրենք են ստեղծել հեռուստացույցով լսել էի, ինչ վերաբերվում է նամակին, ձեզանից իմացանք։ Օրենքի հետ համաձայն չեմ, որ մի բան պետք լինի պիտի հասնենք մինչև Բորժոմի, և հետո ինչու՞ պետք է մենք Ազգային Ժողովում մեկ հայ պատգամավոր ունենանք», – ասաց Ազավրեթ գյուղի բնակիչ Եղիշե Այվազյանը։

«Մեր կարծիքը չեն հարցրել, մեզ ոչ մի բանի մասին չեն տեղեկացրել, ոչ գյուղապետն է տեղեկացրել, ոչ էլ պատգամավորը», – ասաց նույն գյուղի բնակիչ Հովհաննես Եղիազարյանը։

«Օրենքի մասին լսել եմ ու դեմ եմ, չնայած նրան, որ մենք մինչև այսօր մեր պատգամվորին չենք ճանաչում, պատգամավոր տեսնում ենք ընտրությունից ընտրություն։ Ընդհանրապես ողջ աշխարհում պատգամավորները հատուկ օր ունեն իրենց ընտրողների հետ հանդիպման համար», – ասաց Ազավրեթի բնակիչ Խաչատուր Աղայանը։

«Վրացիները մեզ ուղակի դուրս են հանում, սա ամենապարզ ճանապարհն է իրենց համար», – կարծում է Արզուման Չախալյանը:

«Տեղյակ եմ օրենքին ու դեմ եմ, բայց ընտրատարածքները միացնելու հիմնական բացասական երևույթը տարածքային հեռավորությունն է», – ասաց Երվանդ Նահապետյանը:

Այսպիսով հարցումների արդյունքում պարզ դարձավ, որ բացի օրենքի հետ անհամաձայնությունից, բնակիչները տեղյակ չեն թեմայի վերաբերյալ բոլոր հարցերին։ Մեր այն հարցին, թե տիրող անտեղյակության պատճառը արդյո՞ք գյուղացիների պասիվությունն է, գյուղացիներից մեկը ով չցանկացավ նշել անունը ասաց՝ «Մենք մեր տան մեջ նստած ենք, սրանից -նրանից մի բան լսում ենք ու սկսում քննարկել, հստակ մեզ ոչ ոք ոչինչ չի ասում, գոնե նման կարևոր հարցերի դեպքում գյուղապետը ժողով անցկացնի»։

Ջուլիետա Տոնականյան