Հաշվի առնելով, որ Վրաստանում հեռուստաընկերությունները ֆինանսապես տարբերվում են ամբողջությամբ դրամաշնորհներով գործող այլ տեսակի լրատվամիջոցներից, քանի որ գովազդից սեփական եկամուտ ունեն, արդյոք նրանք ընկնում են այսպես կոչված «Օտարերկրյա գործակալների մասին օրենքի» ազդեցության տակ: Իսկ թե ինչպես կազդի օրենքը տեղական և մունիցիպալ լրատվամիջոցների վրա, որոնք ֆինանսավորվում են տեղական և կենտրոնական իշխանությունների կողմից, Jnews-ը այս թեմաների շուրջ զրուցել է մեդիա փորձագետ Զվիադ Քորիձեի հետ։
Զվիադ Քորիձեի խոսքով, այս պահին հայտնի չէ, թե որ կենտրոնական հեռուստաալիքներն են ընկնում «Օտարերկրյա գործակալների մասին օրենքի» ազդեցության տակ։ Պատճառն այն է, որ հեռուստատեսությունը չի բարձրաձայնում իր կոմերցիոն եկամուտները։
«Ազդեցության տակ են ընկնում բոլոր հեռուստաալիքները, որոնք ստանում են «օտար ուժից» 20 տոկոսը, իսկ ցանկացած «օտար ուժ» պետական գործակալություն է, միջազգային հիմնադրամ կամ մասնավոր անձ, որն ունի ինչ-որ օտար երկրի քաղաքացիություն: Իսկ թե կոնկրետ որ հեռուստաալիքներն են ընկնում, հայտնի չէ, քանի որ սա իրենց կոմերցիոն տեղեկատվությունն է, նրանք դա չեն բարձրաձայնի: Արդեն այս օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մենք կպարզենք՝ այս հեռուստաալիքները 20%-ից ավելի ունե՞ն, թե ոչ: Դրանք են Formula-ն, թե՞ Mtavari-ն, թե՞ TV Pirveli-ն», – ասում է Զվիադ Քորիձեն։
Սակայն Վրաստանում, հատկապես շրջաններում, գործում են լրատվամիջոցներ, որոնք ֆինանսավորում են ստանում տեղական կամ կենտրոնական իշխանություններից, ի՞նչ է սպասվում այդ լրատվամիջոցներին։
«Եթե դրանք ֆինանսավորվում են տեղական բյուջեից, իհարկե, այս օրենքի տակ չեն ընկնի, բայց այլ ընկալման տակ են ընկնում, քանի որ հեռուստատեսությունը, որը ֆինանսավորվում է տեղական բյուջեից, տեղական կամ կենտրոնական իշխանություններից պատվերներ ընդունող հեռուստատեսություն է։ Մենք միշտ համարել ենք, որ պետք է բյուջեից վերացնել նման սուբսիդավորվող օգնությունը տեղական ալիքներին, որպեսզի դրանք ավելի զարգանան, և այդ զարգացման գործում նրանց օգնել է հենց այն միջազգային օգնությունը, որը նրանք ստացել են տարբեր հիմնադրամներից և գերատեսչություններից: Ցավոք, մասնավոր հեռուստաալիքներն ավելի հակված են հավատալու, որ դա իրենց համար ավելի լավ է ստանալ տեղական բյուջեից կամ ինչ-որ կենտրոնական բյուջետային մարմնից, քանի որ նրանք դրա մեջ տեսնում են կայունություն: Նրանք ուշադրություն չեն դարձնում, որ այս տարիների ընթացքում աստիճանաբար վերածվել են իրական քարոզչական ալիքների։ Չնայած այն հանգամանքին, որ երբ այդ ալիքները ստեղծվեցին, դրանց տերերն ակնհայտորեն կարծում էին, որ դրանք պետք է լինեն մասնավոր և առաջադեմ հեռուստատեսային ռեսուրսներ»,- ասում է Զվիադ Քորիձեն։
Հարկ է նշել, որ Ախալքալաքի և Նինոծմինդայի տեղական հեռուստաընկերությունները ֆինանսավորվում են տեղական բյուջեներից, ինչը կարող է նշանակել, որ նրանք չեն ընկնի օրենքի ազդեցության տակ, մինչդեռ Ախալցիխեի և Բորժոմիի հեռուստաընկերությունները հիմնականում գործում են դրամաշնորհներով և ընկնելու են այս օրենքի ազդեցության տակ։