ՀՀ կառավարությունն այսօր որոշում է կայացրել դպրոցներում դասավանդվող «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել «Հայաստանի պատմություն» անվամբ: Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ «առարկայի ներկայիս անվանումը չի ներառում կամ հստակ չի ներկայացնում պետականության գաղափարը»:
«Պատմության ուսուցանումը առաջին հերթին պիտի միտված լինի ժամանակակից Հայաստանի՝ Հայաստանի Հանրապետության դիրքից պատմական իրադարձությունների վերլուծությանն ու ներկայացմանը։ Այսպիսով, պատմության ուսուցանման միջոցով Հայաստանի Հանրապետության գոյությունը կներկայացվի պատմական իրադարձությունների և գործընթացների տրամաբանական շղթայի ներքո՝ նախորդող շրջանում տարբեր ձևաչափերով հայկական պետության գոյության ժամանակահատվածներում շեշտադրելով պետության գաղափարի կարևորությունը և պետականության ներքին ավանդույթը, պետության չգոյության ժամանակահատվածներում շեշտադրելով նման պետության ձևավորմանը միտված հանրային քայլերն ու ջանքերը։ Միաժամանակ, Հայաստանից դուրս ձևավորված համայնքները կներկայացվեն պետության և պետականության գաղափարի և դրա ամրապնդմանն ուղղված ջանքերի տեսանկյունից՝ արժևորելով Սփյուռքում հայկական համայնքների ներուժը», – հաղորդում են կառավարությունից:
«Պետությունը բոլորովին ուրիշ մշակույթ է, պետությունը բոլորովին ուրիշ հայեցակետ է։ Մենք պետք է ուժ ունենանք խոստովանելու, որ այդ մտածողությունը միշտ չէ և ամենուր չէ, որ հասանելի է մեզ։ Մենք մի պրոցեսի մեջ ենք, որ հիմա փորձում ենք բարձրանալ դեպի պետական ընկալման աշտարակ, որտեղից աշխարհը և կյանքը երևում է բոլորովին այլ կերպ», – ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ, մասնավորապես, նշել է.
«Ուզում եմ ևս մեկ անգամ հստակ ասել, որ բովանդակային տեսանկյունից ամբողջ բովանդակությունը շարունակելու է մնալ կրթական ծրագրի մաս, և այս իմաստով՝ բովանդակության կտորների դուրս թողման մասին պնդումներն ուղղակի կապ չունեն իրականության հետ: Այն, ինչ փոխվում է՝ այդ դեպքերի, իրադարձությունների և իրողությունների ներկայացման ձևն է, վերագնահատումն է»: