Հայաստանը և Վրաստանը մտադիր են բարեկամական մթնոլորտում շարունակել և ավարտել սահամանզատման և սահմանագծման գործընթացը։ Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վրաց գործընկերոջ հետ Թբիլիսիի համատեղ մամուլի ասուլիսում։
Նա փաստել է, որ սա նրա առաջին այցն է հարևան երկիր ռազմավարական գործընկերության հաստատումից հետո։
Միրզոյանի գնահատմամբ՝ երկու երկրների հարաբերությունների բովանդակությունը սկսել է համալրվել նոր տարրերով, դրանք սրընթաց զարգանում են։ Երևանի և Թբիլիսիի միջև հարուստ օրակարգ կա, կողմերն արդյունավետորեն համագործակցում են բոլոր ոլորտներում՝ տնտեսությունից մինչեև անվտանգություն, կրթությունից մինչև տուրիզմ, կա առաջընթաց առևտրում։
«Երկրները բարձր մակարդակով հայտարարել են միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ընդունման մասին։ Ձևավորվել է հստակ ընկալում բարեկամական մթնոլորտում շարունակելու և ավարտելու սահմանազատման և սահմանագծման գործընթացը»,- հայտնել է Միրզոյանը՝ նշելով այն աջակցությունը, որը կողմերը ցուցաբերում են միմյանց աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում։
Հիշեցնենք, որ Հայաստանը և Վրաստանը շարունակում են սահմանազատման գործընթացը տասնյակ տարիներ, ընդ որում, բնավ ոչ Ալմաթիի հռչակագրի հիման վրա, ինչպես տեղի է ունենում Ադրբեջանի պարագայում։