Վրաստանում սկսվել է վաճառվող մսի վրա QR կոդերի մակնշման վերաբերյալ Սննդի ազգային գործակալության որոշման կատարումը։ QR կոդի օգնությամբ բջջային հեռախոսի միջոցով հնարավոր կլինի պարզել կենդանու սեռն ու տարիքը, սպանդանոցի համարը, պահպանման պայմաններն ու պիտանելիության ժամկետը, ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Նորարարության հիմնական նպատակն է պաշտպանել սպառողների իրավունքները և ներդնել մսի վաճառքի եվրոպական ստանդարտը։

Նորարարությունը ներդրվել է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) «Կենդանիների էլեկտրոնային նույնականացում-գրանցում» ծրագրի աջակցությամբ։

Սննդի ազգային գործակալությունը սպանդանոցները կսպառազինի համապատասխան սարքավորումներով, իսկ անձնակազմը համապատասխան վերապատրաստում կանցնի։

Սննդի ազգային գործակալության պետ Վասիլ Բասիլաձեի խոսքով, QR-կոդերով մսի շուկայնացումը զարգացած երկրներում ապացուցված պրակտիկա է և այժմ այն հասանելի է նաև Վրաստանում։

ԵՄ պահանջներին համապատասխան՝ Վրաստանի Սննդի ազգային գործակալությունը կենդանիների նույնականացման գործընթացն իրականացնում է 2012 թվականից, իսկ 2017 թվականից ներդրվում է կենդանիների գրանցման էլեկտրոնային ծրագիրը և միասնական տվյալների բազան։