Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին ընկերության գլխավոր գրասենյակում հանդիպել է չինական խոշորագույն ավտոարտադրողներից մեկի՝ BAIC International-ի նախագահ Ֆու Ցզյունի հետ։ Այս մասին հայտնում է Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը։
Տարածված տեղեկատվության համաձայն՝ հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Վրաստանի տնտեսական զարգացման կորպորացիայի պատվերով պատրաստված հետազոտությունը՝ երկրում էլեկտրամոբիլների արտադրության ձեռնարկություն ստեղծելու հնարավորության վերաբերյալ, և ուշադրություն է հրավիրել BAIC International-ի հետ համագործակցության հեռանկարների վրա։
«Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Վրաստանում էլեկտրամոբիլների արտադրության դեպքում դրանց արտահանման ներուժը, այդ թվում՝ ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներում եվրոպական երկրների շուկաներ։
Կողմերը պայմանավորվել են, որ չինական ընկերությունը Վրաստան կուղարկի աշխատանքային խումբ՝ երկկողմ աշխատանքային գործընթաց անցկացնելու նպատակով։
Ընդգծվել է չինական ավտոարտադրողի հաջողությունը ինչպես չինական, այնպես էլ միջազգային շուկաներում։ Իր հերթին, BAIC International-ի ներկայացուցիչները մանրամասն ներկայացրել են ընկերության զարգացման ռազմավարական ուղղությունները, միջազգային շուկաներում գործունեությունը և աշխարհագրական ներկայության ընդլայնման հնարավորությունները։
BAIC International-ի նախագահը գլխավոր գրասենյակում նախարարին և պատվիրակության անդամներին ներկայացրել է ընկերության արտադրած ավտոմեքենաները։
Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Իրակլի Նադարեիշվիլին, Թամար Իոսիելիանին և Գենադի Արվելաձեն», — ասվում է հաղորդագրության մեջ։



