«Եվրո-2024»-ի 1/8 եզրափակիչ փուլում Իսպանիայի հավաքականը 4։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Վրաստանի ընտրանու նկատմամբ և քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեց։ Հանդիպումը տեղի ունեցավ Քյոլնի մարզադաշտում։
Չնայած Իսպանիայի խոշոր հաշվով հաղթանակին՝ հանդիպման հաշիվը բացեց Վրաստանի հավաքականը․ աջ եզրից Օթար Կակաբաձեի կատարած փոխանցումը պատահմամբ սեփական դարպասն ուղարկեց Ռոբին Լե Նորմանը։ 39-րդ րոպեին Իսպանիայի հավաքականը կարողացավ հավասարեցնել հաշիվը, աչքի ընկավ Ռոդրին։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 51-րդ րոպեին, Ֆաբիան Ռուիզը առաջ մղեց Իսպանիայի հավաքականին։ 75-րդ րոպեին Նիկո Վիլյամսը մեծացրեց իսպանացիների առավելությունը։ 83-րդ րոպեին էլ Դանի Օլմոն հաշիվը դարձրեց 4։1՝ դնելով հանդիպման վերջակետը։
Քառորդ եզրափակչում Իսպանիայի հավաքականի մրցակիցը կլինի Գերմանիայի ընտրանին, որը 1/8 եզրափակչում 2։0 հաշվով պարտության էր մատնել Դանիային։
Հիշեցնենք՝ հուլիսի 1-ին կկայանա 1/8 եզրափակչի ևս երկու հանդիպում․ 20։00-ին Ֆրանսիա-Բելգիա, 23։00-ին՝ Պորտուգալիա – Սլովենիա։
Քառորդ եզրափակչի չորս զույգերից արդեն հայտնի են երկուսը՝ Գերմանիա-Իսպանիա և Շվեյցարիա- Անգլիա։