Այսօր՝ հուլիսի 1-ին, Ախալքալաքում հանդիսավորությամբ տեղի ունեցավ Աշուղ Ալիք Ջավախքի «Ջավախքի կանչը» գրքի շնորհանդեսը։ Երգարանը տպագրվել է աշխատասիրությամբ Թովմաս Պողոսյանի, հրատարակվել է հայ աշուղական երգերի «Գանձարան» մատենաշարի մեջ։ Երգարանը տպագրվել է ֆինանսական աջակցությամբ՝ մոսկվայաբնակ, ծնունդով Ախալքալաքի Մերենիա գյուղից՝ Ռոբերտ, Մարտուն և Գեորգի Պապոյան եղբայրների։
Աշուղ Ալիք Ջավախքի գրքի շնորհանդեսին ներկա էին ՀՀ ժողովրդական արտիստ, բանասիրական գիտությունների դոկտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Սայաթ-Նովա մշակութային միության նախագահ Թովմաս Պողոսյանը՝ «Սայաթ-Նովա» աշուղական երգի համույթով, Ախալքալաքի սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, սակրեբուլոյի պատգամավոր Համլետ Մովսիսյանը, Ախալքալաքում մշակույթի ասպարեզի տարբեր ներկայացուցիչներ, ինչպես նաև Ախալքալաքի Ապագայի տան, Գեղարվեստական դպրոցի, Երիտասարդական կենտրոնի տնօրենները և այլք։
Շնորհանդեսի բացման հանդիսավոր արարողությունը վերապահված էր ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանին, ով իր ելույթի խոսքում ասաց․
«Հայ աշուղական արվեստը երկար տարիների պատմություն ունի և այս ասպարեզում տվել է բազմաթիվ մեծություններ։ Այսօր «Սայաթ-Նովա» մշակույթային միության աշուղագիտական կենտրոնը նախաձեռնել է 2012 թվականից սկսած «Գանձարան» հայ աշուղական երգերի մատենաշար, որի հերթական հատորը աշուղ Ալիք Ջավախքի ժողովածուն էր։ Ես այս քայլին դիմել եմ ոչ պատահականորեն, Ալիք Ջավախքից ավելի տաղանդավոր աշուղներ ունենք, որոնք հատորներով չեն ընդգրկվում այս մատենաշարում, բայց Ալիք Ջավախքը տարբերվում է այս բոլորից իր մեծ հատկանիշով՝ նա Ջավախք աշխարհի մշակութային գործիչն է։ Նրա շնորհիվ Ջավախք աշխարհի մեր հայությունն ամուր կապված է հայրենի հողի հետ և անսասան է երբևէ իր դիրքերը զիջելու։ Սա ինձ համար ավելի կարևոր բնագիծ է, քան նրա աշուղ լինելու մեծ արժեքը»։
ՀՀ ժողովրդական արտիստ, բանասիրական գիտությունների դոկտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Սայաթ-Նովա» մշակութային միության նախագահ Թովմաս Պողոսյանը շնորհավորելով Աշուղ Ալիքին նրան հուշանվեր փոխանցեց։ Նա աշուղին մաղթեց առողջություն և երկար տարիների երջանիկ կյանք։
Միաժամանակ նշելով, որ հայ աշուղական արվեստում եղել են 2000-ից ավելի աշուղներ, որոնցից միայն 16-ն ունեն գրքեր, իսկ 17-րդը եղավ մերօրյա Աշուղ Ալիք Ջավախքինը։
«Սայաթ-Նովա» անսամբլը շնորհանդեսին ներկայացավ տարբեր ստեղծագործություններով, այդ թվում՝ Աշուղ Ալիք Ջավախքի։ Ինչպես նաև աշուղի երգացանկից կատարումներով հանդես եկան նրա աշակերտները։
Շնորհավորական ելույթներ ունեցան՝ Աշուղ Լեյլին, Ախալքալաքի հայկական երիտասարդական կենտրոնի պատասխանատու Կարինե Թադևոսյանը և սակրեբուլոյի պատգամավոր Համլետ Մովսիսյանը։
Մովսիսյանն իր խոսքում նշեց, որ այնպիսի մարդիկ, ինչպիսին է Աշուղ Ալիքը, պետք է մեծարել նրա կենդանության օրոք, և սակրեբուլոյի նախագահի և հենց իր աշուղի հետ քննարկելով ցանկանում են նշանակել աշուղի օր, որը ավանդույթ կդառա և կնշվի ամեն տարի։
Շնորհանդեսի վերջում խոսքով հանդես եկավ նաև Աշուղ Ալիք Ջավախքը, շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն։
«Իմ խորին շնորհակալությունը բոլորին։ Ես Թովմաս Պողոսյանին կարող եմ համարել իմ եղբայրը, իմ վարպետը։ Մարդ, ով հայ ազգի համար կատարում է շատ մեծ գործ։ Ոչ թե կարելի է խոսել երգարանի մասին, այլ Թովմաս Պողոսյանի մասին, որովհետև՝ եթե ինքը չլիներ, ապա ես պետք է խոստովանեմ, այս գիրքը լույս չէր տեսնի։ Նա վայելում է ժողովրդի սերը, փառք ու պատիվ վարպետիս։ Չգիտեմ ինչպես կարող եմ իմ շնորհակալությունը հայտնել խոսքերով, հույսով եմ ամեն ինչ լավ կլինի։ Մենք պետք է ծառայենք մեր ժողովրդին», – ասաց Աշուղ Ալիք Ջավախքը։
Քսպոյանն իր խոսքում կարևորեց նաև հայ-վրացական հարաբերությունները, նշելով, որ հայ և վրացի ազգերը միշտ պետք է լինեն եղբայրական ազգեր։ Շնորհակալություն հայտնեց շրջանի ղեկավարությանը՝ նշելով, որ Աշուղական դպրոցի ստեղծման գործում Ախալքալաքի սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի դերը շատ մեծ է եղել։
«Ջավախքի կանչը» գրքի շնորհանդեսն ավարտվեց «Սայաթ-Նովա» անսամբլի, Աշուղ Ալիքի և նրա սաների միասնական ելույթով։ Որից հետո անցկացվեց ճաշկերույթ։