Նյութը պատրաստել է մեր գործընկեր Jam-news.net-ը:
«Եվրամիությունը կարող է Հայաստանի մեջ տեսնել ներուժ կամ տեսականորեն պատկերացնել ՀՀ-ն՝ որպես ԵՄ անդամ, բայց այն դեպքում, եթե երկիրը համապատասխանի միության սահմանած չափորոշիչներին»,- կարծում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։

Շեշտում է՝ թեև ԵՄ համար Հայաստանը անդամության պոտենցիալ թեկնածու է, բայց չափանիշների պահպանումն ունի էական կարևորություն։ Այս դեպքում, ըստ նրա, գործ չունենք Ռուսաստանի կողմից ստեղծված Եվրասիական տնտեսական միության հետ, որտեղ «կարևորը մասնակցությունն է»։

Ղևոնդյանի խոսքով՝ եվրաինտեգրման ճանապարհին Երևանին սպասում են բազմաթիվ խնդիրներ՝ ֆինանսականից մինչև քաղաքական։ JAMnews-ին տված հարցազրույցում նա չի բացառել, որ հենց այդ պատճառով են իշխանությունները դանդաղ քայլերով առաջ շարժվում։

Ռոբերտ Ղևոնդյան, քաղաքագետ
Իշխանությունները շատ ավելի զգուշավոր են, քան պետք է

«Հայաստանի իշխանությունների մոտ կա հստակ ցանկություն՝ շարունակել դեպի եվրաինտեգրում ճանապարհը։ Անդամակցությունը եվրաինտեգրման փուլերից մեկն է։ Այս պահին չեմ տեսնում հստակ որոշում, որ անպայման մինչև անդամակցություն ենք գնալու։

ԵՄ անդամ դառնալը մի փաստաթուղթ ստորագրելու միջոցով տեղի չի ունենում։ Համալիր բարեփոխումներ, գործընթացներ են պետք, որոնք ֆիզիկապես անհնար է կատարել 1-2 տարում, եթե նույնիսկ պետությունը ֆինանսական որևէ խնդիր չունի։

Հայաստանը ճանապարհ պետք է անցնի, իր տնային աշխատանքը կատարի, ինչը նույնիսկ 5-10 տարում շատ դժվար է պատկերացնել։ Նույնիսկ ԵՄ անդամության հայտ ներկայացնելու դեպքում ՀՀ համար անդամ դառնալը 10 տարուց շուտ պատկերացնելը շատ սխալ է։

ՀՀ իշխանությունները հենց այս տրամաբանության մեջ է, որ չէին ցանկանա այս պահին ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնել, որովհետև դա ենթադրում է կարճ ժամանակ անց անդամության հայտի ներկայացում։ Սա նշանակում է, որ ՀՀ-ն իր վրա է վերցնելու պարտավորություններ՝ 10-15 տարում արագացված կերպով իրականացնել տնային աշխատանք, ինչը շատ դեպքերում գուցե այնքան էլ չհամապատասխանի մեր հնարավորություններին։ Պատկերավոր ասած՝ կաշվից դուրս գանք, որպեսզի այդ պարտավորությունները կատարենք։

Իշխանութունները շատ դեպքերում շատ ավելի զգուշավոր են, քան անհրաժեշտ է, և շատ ավելի ոչ վճռական են։ Բայց ընդհանուր միտումն այն է, որ տարբեր ոլորտներում իրականացնեն անհրաժեշտ գործողություններ և միայն դրանից հետո անդամակցության հայտ ներկայացնեն»:

Եվրամիությունը՝ ՀՀ զարգացման տեսլական
«Թե հասարակության, թե քաղաքական դաշտում առկա ուժերի և անհատների մեծ մասը հակված են որպես ՀՀ քաղաքական զարգացման տեսլական տեսնել եվրաինտեգրումը։

Իհարկե, կան նաև ռադիկալ մոտեցումներ։ Կան տարբեր քաղաքական ուժեր, ովքեր գտնում են, որ հենց այսօր է պետք անդամության թեկնածության հայտ ներկայացնել։

Կան նաև ավելի մեղմ դիրքորոշում ունեցողներ, ովքեր գտնում են, որ անհրաժեշտ է իրականացնել համալիր բարեփոխումներ, որից հետո միայն հայտ ներկայացնել։ ՀՀ իշխանությունների մոտեցումն էլ է համընկնում այս երկրորդ խմբի մոտեցման հետ»։

Կան բազմաթիվ խնդիրներ՝ քաղաքական կամքից մինչև ֆինանսական

«ԵՄ չափորոշիչները բազմաթիվ են, վերաբերում են տարբեր ոլորտների։ Դրանք շատ դեպքերում ՀՀ-ին կարող են կանգնեցնել այնպիսի խնդիրների առաջ, որոնք նա միայնակ լուծել չի կարող։ Օրինակ՝ ԵՄ ողջ տարածքում գնացքի գծերն ավելի նեղ են, քան եղել է հետխորհրդային տարածությունում և այս պահին ՀՀ-ում է։ Հայաստանի երկաթուղային ցանցում այդ գծերը փոփոխելը, որն իր հետևից բերելու է նաև գնացքի անիվների փոփոխություն, մի քանի տարվա և մի քանի մլրդ դոլարի հարց է։ Նման օրինակները տասնյակներ չեն, հարյուրավոր են։

Այնպես չէ, որ Եվրամիությունը պարտադրում է, որ այդ բոլոր հարցերը 100 տոկոսով լուծվեն մինչև անդամությունը, բայց գոնե դրանց մեծ մասը պետք է լուծված լինի, պետք է այդ ուղղության վրա լինի պետությունը, որպեսզի դառնա ԵՄ անդամ։

Տնտեսական ոլորտում բազմաթիվ խնդիրներ ունենք։ ՀՀ-ում արտադրվող ապրանքների որակական հատկանիշները շատ հետ են եվրոպականից։ Մենք մի միության [Ռուսաստանի հովանու ներքո գործող ԵԱՏՄ] անդամ ենք, որտեղ որակը երկրորդական, երրորդական է։ Եվ ամեն մի «աղբ», որը կարող է արտադրվել, կարող է Սիբիրում հանգիստ սպառվել, գործարարն էլ՝ շահույթ ունենալ։ Այդ գործարարը շահագրգռված չէ որակի բարձրացման ուղղությամբ գործողություններ կատարել, գումարներ ծախսել և այլն։

Հայաստանի իշխանությունները պետք է գտնեն միջոցներ այդ գործարարին ստիպելու համար կամ նրա գործունեության համար լրացուցիչ խնդիրներ ստեղծեն, օրինակ՝ հարկային բեռի ավելացման միջոցով, որպեսզի գործարարը հրաժարվի հեշտ գումար վաստակելու արատավոր միջոցից և գնա իր արտադրանքի որակի բարձրացման։ ԵՄ անդամ լինելու դեպքում հնարավորություն ենք ստանալու այդ նույն արտադրանքը արտահանել ԵՄ երկրներ։

Մեկ-երկու անգամ անորակ ապրանք արտահանելուց հետո ԵՄ երկրներն ուղղակի կարող են փակել հայաստանյան արտադրանքի ճանապարհը և նույնիսկ չքննարկել ՀՀ՝ Եվրամիության հետ տնտեսական ինտեգրման խնդիրը։

Այստեղ ավելի շատ քաղաքական կամքի խնդիր է, տնտեսական վերափոխումների խնդիր է։ Իհարկե, գոյություն ունեն նաև քաղաքական խնդիրներ, Հայաստան-Ադրբեջան սահմանի որոշակիացման խնդիր կա, տարածաշրջանում պատերազմական ռիսկերի նվազեցման խնդիր կա։ Կարելի է ժամերով թվարկել ոլորտները և խնդիրները»։

Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը պարտադիր պայմա՞ն է

«Խնդիրն այն չէ, որ [ԵՄ անդամության հայտ ներկայացնող] երկիրը չպիտի լինի հակամարտության մեջ։ Օրինակ՝ Կիպրոսի հունական հատվածը ԵՄ անդամ է։ Խնդիրն այն չէ, որ պետք է հակամարտություն չլինի, այլ այն, որ այդ հակամարտությունը պետք է որոշակի չափով կառավարելի լինի, կարգավորման որոշակի մակարդակում լինի։ Տեսեք, խոսում են այն մասին, որ 2030 թ․-ին Ուկրաինան կարող է դառնալ Եվրամիության անդամ, բայց երկիրը գործող պատերազմի մեջ է։ Նման օրինակներ էլի կան։

ՀՀ-ն հնարավորություն ունի ԵՄ անդամ դառնալ նույնիսկ այն դեպքում, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև ինչ-ինչ խնդիրներ դեռևս մնացած լինեն, ինչը կարծում եմ՝ անխուսափելի է։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, փակ սահմանի հիմնական մեղավորը և կարելի է ասել՝ միակ որոշում կայացնողը Թուրքիան է։ Ցանկացած պահի, երբ Թուրքիան ցանկանա, սահմանը կբացվի։ Իսկ եթե Հայաստանը դառնա ԵՄ անդամ երկիր և ստացվի, որ ՀՀ-Թուրքիա սահմանը Եվրամիության սահման է, կարծում եմ՝ դա շատ ավելի կարագացնի Թուրքիայի կողմից սահմանի բացումը»։