Հայաստանում հոկտեմբերի 17-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 63 000-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1 540-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Սա նոր դեպքերի ամենամեծ ցուցանիշն է Հայաստանում համավարակի բռնկումից ի վեր։

Մահվան ևս 11 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1 067 դեպք կա, այլ պատճառով՝ 314։

Ապաքինվել է ևս 384 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 47 925 է, փաստացի բուժվողներինը՝ 13 694։

Մեկ օրում թեստավորվել է 3 937 մարդ։ Ընդհանուր առմամբ, 344 053 թեստ է արվել։

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը: