Եթե կառավարությունը չփոխի գործելակերպը, ԵՄ-ն կդադարեցնի ֆինանսական օգնությունը Վրաստանին և կավելացնի աջակցությունը քաղաքացիական հասարակությանն ու լրատվամիջոցներին։ Ինչ կարող է դա նշանակել Ջավախքի և ընդհանրապես Վրաստանի սովորական բնակչի համար, ինչ կկորցնեն երկրի բնակիչները, եթե ԵՄ-ն կրճատի երկրի կառավարությանը տրվող ֆինանսական աջակցությունը։ Այս մասին Jnews-ը փորձեց պարզել քաղաքացիական հասարակության տեղացի ակտիվ ներկայացուցչից, ով մասնակցել է գյուղատնտեսության և բիզնեսի զարգացման բազմաթիվ ծրագրերի։
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեֆ Բորելը մամուլի ասուլիսում ասել է, որ «Թափանցիկության մասին» օրենքը և դրա շուրջ տեղի ունեցող բացասական իրադարձությունները Վրաստանը հեռացնում են Եվրամիությունից։
«Մենք ամենաբարձր մակարդակով, Վրաստանից, լսեցինք, որ այս օրենքը երկիրը մոտեցնում է Եվրամիությանը։ Ես ուզում եմ հստակ ասել՝ ո՛չ, ո՛չ։ Այս օրենքը և նրա շուրջ զարգացող բոլոր բացասական իրադարձությունները Վրաստանին հեռացնում են ԵՄ-ից։ Ես չեմ կարող ավելի հստակ և լակոնիկ լինել, սա Վրաստանին հեռացնում է Եվրամիությունից»,- ասել է Ժոզեֆ Բորելը:
Նա նշել է, որ նախարարների մեծ մասը կարծում է, որ Վրաստանի կառավարությունը հեռացնում է երկիրը Եվրամիությունից, և եթե կառավարությունը չփոխի իր գործելաոճը, Եվրամիությունը կավելացնի աջակցությունը Վրաստանի քաղաքացիական հասարակությանն ու լրատվամիջոցներին։
Ըստ ոչ կառավարական հատվածի ակտիվ անդամ, Ախալքալաքի բիզնես կենտրոնի տնօրեն Մախարե Մացուկատովի, Եվրամիությունը շատ է օգնել պետությանը, երկրի բնակիչների կյանքի տարբեր ոլորտներում, եվրոպական չափանիշների ներդրման հարցում, և հաճախ դա արել է պետկազմակերպությունների միջոցով, օրինակ՝ առողջապահության, ենթակառուցվածքների զարգացման, կրթության, գյուղատնտեսության, օրենսդրական ոլորտում և այլն։
Վնասը, որը կրելու է Վրաստանի բնակիչը, կարող է լինել ուղղակի և անուղղակի։ Ուղղակի է, երբ կդադարեն դրամաշնորհներով ֆինանսավորվող կոնկրետ ծառայությունները, իսկ անուղղակի՝ երբ մի քանի տարի հետո կզգացվեն այդ դրամաշնորհների բացակայության հետևանքները։
«Պետությունն այդքան գումար չուներ նոր ստանդարտներ կիրառելու, վերապատրաստելու, վերազինելու և այլն։ Եթե նույնիսկ ցանկանային, չէին կարող, չունեն հմտություններ կամ մասնագետներ: Երբ նախարարները, ագրարային կոմիտեն, պատգամավորները ուզում էին ինչ-որ բան պարզել, ՀԿ-ներին պատվիրում էին հետազոտություններ։ Նրանք այդ հետազոտություններն անում էին և անվճար տալիս նրանց։ Շատ նախարարությունների բազմաթիվ կայքեր ստեղծվել են ԵՄ ֆինանսավորմամբ, այդ թվում՝ խորհրդարանի կայքը: Պետությունն ինքը շատ բան էր ստանում նոր տեխնոլոգիաներ ներդնելու, հետազոտությունների համար։ Պետությունն այս աշխատանքները քիչ է անում, այն հիմնականում դոնորների միջոցներով է իրականացվում: Հիմա նրանք դա չեն անի»,- ասում է Մախարե Մացուկատովը։
Նա կարծում է, որ ինչ-որ կոլապս է ստացվում.
«Հետևաբար, երբ Բորելն ասում է, որ մենք կառավարությանը չենք աջակցի, որոշ դեպքերում դա փլուզման պես է ստացվում։ Որովհետև կան փողեր, որոնք պետական կազմակերպությունների միջոցով անցել են հասարակական կազմակերպությունների։
Քաղաքացիական հասարակությանն ու լրատվամիջոցներին աջակցության մեծացման մասին հայտարարությունը Մախարե Մացուկատովը մեկնաբանում է այսպես.
«Այս դեպքում քաղաքացիական հասարակությունն ուժեղանում է, և դա շատ կարևոր է հատկապես ընտրություններից առաջ։ Չեմ զարմանա, եթե նույնիսկ պատրաստի ծրագիր ունենան։ Հասարակությանն օգնությունը կհասնի ոչ թե պետության, այլ մեր միջոցով»,- ասում է Մախարե Մացուկատովը։