նորություններ 9 Սեպտեմբերի, 2026 • Հունգարիան արտաքսում է 10 ռուս դիվանագետի

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանը աննախադեպ որոշում է կայացրել՝ արտաքսել Ռուսաստանի դեսպանատան 10 աշխատակցի։ Այդ մասին ԱԳ նախարարն իր X-ի էջում հայտնել է, գրում է «Եվրոպական ճշմարտությունը»։

Ինչպես նշել է Օրբանը, ռուսական դիվանագիտական առաքելության 10 անդամներ Հունգարիայում իրականացրել են գործունեություն, որն «անընդունելի է դիվանագետների համար»՝ Վիեննայի կոնվենցիայի համաձայն։

Հունգարիայի ԱԳՆ ներկայացուցիչը Բուդապեշտում Ռուսաստանի դեսպանին հայտնել է, որ այդ անձինք պետք է լքեն երկիրը։

Միևնույն ժամանակ Հունգարիայի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ այս որոշումը չի նշանակում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզում։

«Այս որոշումն ուղղված է Հունգարիայի անվտանգության և ինքնիշխանության պաշտպանությանը։ Այն չի նշանակում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզում։ Հունգարիան մտադիր է շարունակել անհրաժեշտ երկխոսությունը՝ փոխադարձ հարգանքի և կանոնների պահպանման հիման վրա»,- գրել է Օրբանը։

Այս որոշումն աննախադեպ է՝ հաշվի առնելով Հունգարիայի կողմից արտաքսվող դիվանագետների թիվը։ Վիկտոր Օրբանի նախորդ կառավարությունը նման քայլի դիմել էր 2018 թվականին։ Այդ ժամանակ Հունգարիայից արտաքսվել էր ՌԴ դիվանագիտական առաքելության ընդամենը մեկ աշխատակից՝ Մեծ Բրիտանիայի հետ համերաշխության նշանով՝ նախկին ռուս լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորումից հետո։

2022 թվականին հունգարական Direkt36 պորտալի և RTL հեռուստաալիքի հետաքննությունը ցույց տվեց, որ այն ժամանակ, երբ ԵՄ երկրների մեծ մասը Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո որոշում էր կայացրել արտաքսել ռուս դիվանագետներին, Հունգարիայում նրանց թիվն ավելացել էր գրեթե մեկ երրորդով։

Հիշեցնենք, որ հետաքննող լրագրողները եվրոպական անվտանգության ծառայությունների հետ համատեղ պարզել էին, որ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր քաղաքական տեխնոլոգների և ՌԴ ռազմական հետախուզության խմբին միջամտել ապրիլին Հունգարիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ Օրբանի հաղթանակն ապահովելու նպատակով։ Ծրագիրը նախատեսում էր ռուս մասնագետների տեղակայումը Բուդապեշտում ՌԴ դեսպանատանը՝ սոցիալական ցանցերի մանիպուլյացիայի նպատակով։

Այս տարվա մայիսին Հունգարիան գաղտնի կերպով արտաքսել էր ռուս հետախույզի, որը գործում էր դիվանագիտական ծածկույթի ներքո և ներթափանցել էր Վիկտոր Օրբանի կառավարությանը մոտ կանգնած աջակողմյան և արտաքին քաղաքականության վերլուծական կենտրոններ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝