Ջավախքում գործազրկության մակարդակը դեռ բարձր է։ Աշխատաշուկայում տարբեր մասնագետների պակաս կա, սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ դիմորդներից շատերն ընտրում են այն մասնագիտությունները, որոնք այսպես ասած մոդայիկ են և ընդունված մեզանում, բայց տեղական աշխատաշուկայի պահանջները բոլորովին այլ են։ Մեզանում ուսանողները հիմնականում ընտրում են՝ բիզնես կառավարումը, իրավաբանությունը և բանասիրությունը։ Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանն Ախալքալաքում դիմորդներին առաջարկում է երկու ֆակուլտետ՝ վրաց բանասիրություն և բիզնես կառավարում։ Թե ինչու՞ է շեշտը դրվել հենց այս երկու ոլորտների վրա, արդյոք կա՞ այլ մասնագիտությունների պահանջարկ, այս և այլ հարցերի շուրջ խոսել ենք բանասիրական գիտությունների դոկտոր, Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի դասախոս Ժաննա Խաչատուրյանի հետ։
– Ինչքանո՞վ է Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանում եղած ֆակուլտետները պահանջված տեղական աշխատաշուկայում։
– Մեծ պահանջարկ կա վրաց բանասիրություն և բիզնես կառավարում մասնագիտությունների։ Ուստի, այդ երկու ֆակուլտետն էլ ունենք 3-րդ մասնաշենքում՝ Ախալքալաքում։ Ունեինք նաև իրավաբանական ֆակուլտետ, չորս տարի առաջ պատմության ֆակուլտետ նույնպես կար, բայց փակվեց։ Այս ամենի հիմքում ընկած է պահանջարկը, այս ֆակուլտետներում մեկ-երկու ուսանող կա, նրանք էլ ուսումը շարունակում են Ախալցիխեում։ Շուկան որոշվում է հենց շահառուի կողմից, ուստի շեշտը դրվել է հենց այս երկու ֆակուլտետների վրա։
Կան հարցեր, որոնք հիմնականում, ոչ թե բարձրագույն, այլ մասնագիտական կրթության ուղղությամբ են։ Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանը լավ որոշում կայացրեց, և արդյունքում՝ Ախալցիխեում և Ախալքալաքում գործում է մասնագիտական կրթության կենտրոն։ Կարող եմ ասել, որ դա պայմանավորված է աշխատաշուկային ուղղված մրցունակ, որակյալ կադրերի պատրաստմամբ։ Սա էր հիմնական նպատակը․ աշխատանքի տեղավորել՝ սեփական բիզնես սկսելու և ինքնազբաղվածությունը խթանելու համար։
Այսօրվա Վրաստանում մասնագիտական կրթությունն ավելի շատ է անհրաժեշտ, քան բարձրագույն։ Եթե նայենք վիճակագրությանը, ապա գրեթե յուրաքանչյուր երկրորդը Վրաստանում կրթություն է ստացել, ունի դիպլոմ։ Բայց կհանդիպենք տաքսու վարորդների, ովքեր կասեն, որ կարմիր դիպլոմով են ավարտել, բայց չեն աշխատում իրենց մասնագիտությամբ։ Ցանկացած մարդ բարձրագույն կրթություն է ստանում, որպեսզի կարողանա աշխատել, բայց եթե տվյալ անձը ստացել է բարձրագույն կրթություն և չի կարողանում աշխատել, դա նշանակում է, որ ինչ-որ բան պակասել է այս երկրում, աշխատաշուկայում գործազրկության խնդիր կա։ Կարծում եմ, որ մասնագիտական կրթությունն ավելի շատ հնարավորություններ է տալիս։ Քոլեջի դրական կողմերից մեկն այն է, որ սովորում են պետական ֆինանսավորմամբ, իսկ երկրորդը՝ որ ուսումնարանում կարող ենք տեսնել բազմաթիվ ուսանողների, ովքեր արդեն ստացել են բարձրագույն կրթություն և որոշել են մասնագիտական կրթություն ստանալ, քանի որ այդտեղ են տեսել աշխատանք գտնելու աղբյուրը, կամ պարզապես իրենց ընտրած մասնագիտությունն իրենց սիրելի զբաղմունքն է:
– Մասնագիտական կրթությունն աշխատանքի ընդունվելու ի՞նչ հեռանկարներ է տալիս։
Սամցխե-Ջավախքի պետական համալսարանում գործում է մասնագիտական կրթության կենտրոն։ Այստեղ սովորողները կարող են հմտանալ հետևյալ ոլորտներում՝ հաշվապահություն, համակարգչային գործ, մաքսային գործ, այգեգործություն, անտառային գործ, էլեկտրական գործ։
– Մաքսային գործը մեր քաղաքի համար շատ կարևոր է, քանի որ մենք սահմանամերձ ենք, որը մեծ մոտիվացիա է, և հետևաբար, պահանջարկը մեծ է։ Այս դասընթացի առավելությունն այն է, որ հենց մաքսակետի աշխատակիցներն են գալիս ու դասախոսություն կարդում։ Արդյունքում մարդիկ գիտեն իրենց իսկ պատրաստած կադրերին և, եթե պետք լինի աշխատանքի համար, հենց այս կադրերին են ընտրում։ Այսինքն՝ կրթությունն ու աշխատանքի տեղավորվելը ուղղակիորեն կապված են միմյանց հետ, ինչը բացառիկ հնարավորություն է մեր ուսանողների համար: Այգեգործություն՝ ԵՄ-ի բազմաթիվ ծրագրեր կան, պրոֆեսիոնալ այգեպանների պակաս կա։ Իսկապես կարիք ունենք որակյալ, դիպլոմով այգեպանների, ովքեր կարող են տարրական առումով տնկիներ աճեցնել և այլն: Այս կուրսի առավելությունն այն է, որ համալսարանի տարածքում ունենք հողային տարածքներ, որտեղ ուսանողներն իրենց գիտելիքները փորձարկում են գործնականում։ Էլեկտրական գործ, մեր մոտ կարող եք տեսնել տարիքով ուսանողների, ովքեր տարիներ շարունակ աշխատում են էլեկտրական ընկերությունում, բայց չունեն համապատասխան դիպլոմ, ատեստավորում։ Սա շատ լավ հնարավորություն է, որպեսզի խորացնեն իրենց գիտելիքները և կարողանան դիպլոմով, շուկայում մրցունակ աշխատել։
Կարծում եմ, որ պետք է Ախալքալաքի մասնաշենքում ավելացվի բուժքույրական բաժին, որն այս պահին Ախալցիխեում գործում է, սակայն Ախալքալաքում նույնպես մեծ պահանջարկ կա։
Մենք ուզում ենք, որպեսզի եվրոպական մշակույթը ներմուծենք, ինչը նշանակում է, որ ամեն երեխա չէ, որ կարիք ունի բարձրագույն կրթություն ստանալու։ Համալսարանն անում է ամեն ինչ, որպեսզի չկորցնի նաև արժանի կադրերին։ Անցյալ տարի համալսարանն ավարտած մեր ուսանողներից մի քանիսին աշխատանքի ենք տեղավորել մեր քոլեջում, կան երեխաներ, որոնց իսկապես ափսոսում ենք բաց թողել, քանի որ դժվար է նման կադրերի հետագայում գտնելը։
– Արդյո՞ք դիմորդներն ունեն տեղեկություն աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների վերաբերյալ։ Ձեր համալսարանն անցկացնո՞ւմ է տեղեկատվական արշավ։
– Ես քաղաքացիական կրթության մենթոր ուսուցիչ եմ դպրոցում, դասախոս եմ համալսարանում։ Շատ հաճախ ես երեխաներին առիթ եմ տալիս մտածելու իրենց ապագա մասնագիտության մասին, ի՞նչ են սիրում, ի՞նչ են ուզում դառնալ։ Մասնագիտություն ընտրելը հեշտ չէ։ Աշակերտը պետք է կարողանա հասկանալ իր կարողություններն ու կարիքները։ Երեխայի համար դժվար է անալիզ կատարելը։ Ընտանիքներում կարծրատիպեր կան, որ օրինակ երեխան պետք է բժիշկ դառնա, և դրա հետ մեկտեղ երեխայի կարիքները բացարձակապես տարբեր են, հմտությունները՝ բոլորովին այլ: Հետո ստացվում է այնպես, որ տվյալ մարդը մնում է գործազուրկ, կրթություն է ստացել, բայց չի սիրում աշխատանքը։ Որպես ուսուցիչ՝ ես փորձում եմ մեր տարածաշրջանի հայտնի, հաջողակ մարդկանց հրավիրել, օրինակ՝ դատավորի, ուսուցչի, վերջերս բանասիրական գիտությունների դոկտոր էի հրավիրել, ովքեր կարող են կիսվել իրենց փորձով և խորհուրդներ տալ երեխաներին։ Ինչ վերաբերում է համալսարանին, ապա տեղեկատվական քարոզարշավը բուհի կողմից իրականացվում է փայլուն ձևով։ Ռեկտորը բաց դռների օր ունի, ինչպես նաև բուհի ներկայացուցիչները, վարչության աշխատակիցները, դեկանատը այցելում են գյուղի և քաղաքի յուրաքանչյուր դպրոց և մանրամասն տեղեկություններ փոխանցում ֆակուլտետների վերաբերյալ։ Նրանք բացատրում են, թե դիմորդն ի՞նչ արտոնություններից կարող է օգտվել, որպես Սամցխե-Ջավախթիի պետական համալսարանի ուսանող, ի՞նչ հնարավորություն ունի աշխատանքի տեղավորվելու և այլն։
– Ձեր ուսանողները համալսարանն ավարտելուց հետո մեկնում են արտագնա աշխատանքի, թե՞ տեղում են աշխատանքի տեղավորվում, և արդյո՞ք իրենց մասնագիտությամբ։
– Ցավոք սրտի, բուհն ավարտելուց հետո մենք չենք կարող հետևել ուսանողների կյանքին։ Իսկապես, Վրաստանում աշխատանք գտնելը խնդիր է, մեր տարածաշրջանը նույնպես բացառություն չէ։ Չեմ կարող ասել, որ բոլորը գտել են իրենց աշխատանքը, և բոլորը աշխատում են իրենց մասնագիտությամբ։ Ասել, որ մեծ տոկոսը լքում է երկիրը, ինչպես նախկինում էր, չեմ կարող։ Դա նրանից է, որ արդեն ախալքալաքցի երեխան դպրոցն ավարտում որոշում կայացրած, որտեղ է կրթություն ստանալու, որտեղ է մնալու ու աշխատելու։ Առանձին հարց է, թե որքանո՞վ է օբյեկտիվ աշխատանքի ընդունվելը, որքանո՞վ է շեշտը դրվում պրոֆեսիոնալիզմի վրա։ Եթե Ախալքալաքում նայենք ընդհանուր իրավիճակին, ապա ցանկացած պետական հիմնարկությունում կտեսնենք Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի շրջանավարտի։ Տոկոսային հարաբերությամբ՝ ուսանողները հիմնականում աշխատանք գտնում են բանկերում։ Նրանք շատ մրցունակ են, այն երեխաներն են, ովքեր շատ լավ են խոսում պետական լեզվով։ Կարող եմ ասել, որ մարզում մնացած շրջանավարտների 70-80 տոկոսն աշխատանքի է տեղավորվել։ Իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ 70-80 տոկոսը ոչ մի տեղ չի գնում։ Եթե առաջներում երիտասարդներից շատերը գնում էին Ռուսաստան, ապա հիմա այդ տոկոսը նվազել է։