Ինչպիսին են գումար վաստակելու հնարավորությունները Ջավախքում. մեծամասամբ դա խոպանն է, փոքրամասամբ՝ գյուղատնտեսությունը, իսկ ավելի քիչ՝ պետական ծառայությունը, դրանից էլ քիչ՝ առևտուրը, էլ ավելի քիչ՝ բիզնեսը տարրական ծառայությունների ոլորտում, իսկ ոմանք փորձում են ստեղծել և զարգացնել ոչ դասական բիզնեսը: Ենոք Բաբաջանյանը դրամաշնորհային աջակցության շնորհիվ կարողացել է դառնալ «ջերմոցային նորարար» Ջավախքում, Բորիս Ղարսլյանը երկրորդ փորձն է անում դառնալ մրցունակ, վճարովի ֆոտո և վիդեոնկարահանման ծառայությունների ոլորտում։

Ջերմոցային նորարար
Ախալքալաքի շրջանի Մուրջախեթ գյուղի բնակիչն առաջինն է մունիցիպալիտետում նորարարական ջերմոց կառուցել, սկսել լոլիկ ու վարունգ աճեցնել, երազանքը վերածելով բիզնեսի։ Ենոք Բաբաջանյանը մշտապես ընդլայնում է իր բիզնեսը, այս բիզնեսով ու կարտոֆիլ աճեցնելով իր ընտանիքն է պահում։

Ոչ ոք չէր հավատում, որ նա հաջողության կհասնի ջերմոցային բիզնեսում, իսկ նա ոչ միայն ոտքի է կանգնեցրել բիզնեսը, այլեւ ձեռք բերել «ջերմոցային նորարարի» կարգավիճակ։ Նա ջերմոցը կառուցել է երկու ամսում։ Ամեն ինչ ինքն է կազմել՝ նախահաշիվը, նախագիծը և հաշվարկները։

«Որոշ բաներ գիտեի, իսկ որոշ բաներ ուսումնասիրեցի և արեցի: Հեշտ չէր, բայց ես կարողացա»,- ասում է Ենոք Բաբաջանյանը։

enok4

Ենոք Բաբաջանյանը ամուսնացած է, ունի երկու որդի, որոնցից մեկն ուսանող է։ Նրա կինը՝ Ռաիսա Բաբաջանյանը, և որդիներից մեկն աշխատում են ջերմոցում։ Կինն աշխատել է դպրոցում որպես ուսուցչուհի, բայց հետո թողել է դպրոցը և այժմ աշխատում է ջերմոցում՝ օգնում ամուսնուն։

Ջերմոց կառուցելու գաղափարը Ենոք Բաբաջանյանի մոտ ծագել է Իռլանդիա կատարած այցից հետո։ Նրա հիմնական նպատակը ոչ միայն ջերմոցն էր, այլեւ արեւային էլեկտրակայանի ստեղծումը։ Ենոք Բաբաջանյանը իր երկու երազանքներն էլ իրականացրել է ENPARD2 ծրագրի դրամաշնորհների միջոցով։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 50 000 լարի, որից 35%-ը՝ ինքնաֆինանսավորումն է, իսկ 65%-ը՝ դրամաշնորհը։

«Երբ ես սկսեցի բիզնեսը, կար միայն գաղափարը, փող ընդհանրապես չկար: Ցանկացած մարդ, ով մտածում է բիզնես հիմնելու մասին, հասկանում է, որ իրեն փող է պետք, և վախենում է, որ փող չունի, հովանավոր չունի, դոնոր չունի։ Բայց եթե գաղափար ունես, գումար հնարավոր է գտնել։ Ես դրամաշնորհ եմ ստացել LAG «Տեղական զարգացման խմբից», հետո վարկ եմ վերցրել։ Հիմնադրամները ոչ բոլորին են ֆինանսավորում, նրանք պետք է վստահ լինեն, որ քո բիզնեսը կաշխատի։ Իմ բիզնեսին մեկնարկ են տվել Եվրամիության ֆինանսները»,- ասում է Ենոք Բաբաջանյանը։

LAG-ի դրամաշնորհից հետո Ենոք Բաբաջանյանը շահել է UNDP-ի մեկ այլ ծրագիր՝ 10 կՎտ/ժ էլեկտրաէներգիա արտադրող ևս մեկ արևային կայան տեղադրելու համար: Նախագծի արժեքի 20%-ը վճարել է նա, իսկ 80%-ը՝ Եվրամիությունը։ Նա ուներ 5 կվտ/ժամ էլեկտրաէներգիա, և ավելացրել է եւս 10 կվտ/ժամ։ Նրա արևային կայանը արտադրում է 15 կՎտ/ժամ էլեկտրաէներգիա։ Ենոք Բաբաջանյանն իր տունն ու ջերմոցն ամբողջությամբ տաքացնում է արևային էներգիայով, ինչպես նաև 11,5 թեթրիով էլեկտրաէներգիան վաճառում է «Էներգո Պրո Ջորջիա» ընկերությանը և նրանցից գնում 18 թեթրիով՝ հիմնականում ձմռանը։

Enokk

Ենոք Բաբաջանյանի ջերմոցային բիզնեսը հաջողություն ունեցավ, ուստի նա որոշեց 2023 թվականին այն ընդլայնել։ Վերցնելով 25000 լարի գյուղատնտեսական վարկ՝ կառուցեց նույն չափի՝ 200ք/մ, նոր ջերմոց։

Ինչպես և իր առաջին ջերմոցը, Ենոքը նորը կառուցել է ինքն իր ձեռքերով, շինանյութերը պատվիրելով ինտերնետի միջոցով։ Ենոքը ինժեներ-շինարար է, նա նաև էլեկտրատեխնիկայից է հասկանում։ Նոր ջերմոցը սովորական ջերմոց է՝ կաթիլային ոռոգման համակարգով, իսկ հինը՝ նորարարական։

Վերջինիս խոսքով, մեկ տարում նա ջերմոցից մոտ 5 տոննա լոլիկ է ստանում։ Եկամուտը տարեկան 8000 լարի է։ Իրացման հետ կապված խնդիրներ չկան: Այս տարի նա ոչ միայն լոլիկ է ցանել, այլ նաեւ՝ վարունգ։

«Ես սկսեցի վարունգ աճեցնել, որպեսզի գնորդները ինձնից և լոլիկ, և վարունգ գնեն։ Նոր ջերմոցն ինձ վրա նստել է 20000 լարի։ Ամեն ջերմոցից նախատեսում եմ 5-6 հազար լարի շահույթ ստանալ։ Բիզնես հաշվարկներով 8-10 հազար է ստացվում, բայց չեմ բացառում, որ խնդիրներ կարող են առաջանալ, օրինակ՝ հիվանդություն»,- ասում է Ենոք Բաբաջանյանը։

Ենոք Բաբաջանյանը փորձեց դույլերում կանաչեղեն աճեցնել ու վաճառել, սակայն չստացվեց։

«Ես սկսել էի կանաչի աճեցնել վաճառքի համար, բայց չստացվեց, ես, հավանաբար, բավականաչափ չգովազդեցի», – ասում է նա:

Շատերն են Ենոքի մոտ գալիս խորհրդատվության համար, բայց մինչ այժմ ոչ ոք նոր ջերմոց չի բացել։

Ենոքն իր հաջողության գրավականի մեջ դրել է երկու սկզբունք՝ մրցունակություն մառնեուլյան բանջարեղենի հետ և բարձր համային որակ:

«Ես չեմ կարող ավելի էժան վաճառել, այն ինձ ձեռնտու չէ, բայց նրանք կարող են։ Ես ամեն ինչ հաշվարկել եմ, երբ այնտեղ (Մառնեուլիում) լոլիկը և վարունգը վերջանում է, իմ բերքահավաքն այդ ժամանակ իր գագաթնակետին է հասնում։ Եվ ես աշխատում եմ համի վրա, որպեսզի այն համեղ լինի: Համը կախված է սորտից ու մշակումից, ես այն մշակում եմ կենսապարարտանյութով, և այն պետք է ճիշտ տալ»։

Ենոքը բերքահավաք է անում չորս ամիս՝ հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր։ Առաջին երկու ամիսները համընկնում են Մառնեուլիի հետ։ Բայց Ենոքն արդեն մշտական գնորդներ ունի։

Այս տարի Ենոք Բաբաջանյանը կարտոֆիլի ցանքատարածությունները կրճատել է այն պատճառով, որ մունիցիպալիտետում արդեն մի քանի տարի իրացման խնդիր կա։

Լրագրությունից մինչև բիզնես

Բորիս Ղարսլյանն ապրում է Նինոծմինդայում։ Նա մասնագիտությամբ լրագրող է, սակայն 2024 թվականի սկզբին բիզնես սկսելու երկրորդ փորձն արեց, քանի որ լրագրողի աշխատավարձով չէր կարողանում ընտանիքը պահել։

Բորիս Ղարսլյանը 2012 թվականից աշխատում է որպես լրագրող Նինոծմինդայի Հանրային Ռադիո «NOR»-ում։

«Շրջանային լրագրողները քիչ են ստանում, այս գումարով հնարավոր չէ ընտանիք պահել, ուստի ես ելք էի փնտրում և որոշեցի սեփական բիզնես բացել»,- ասում է Բորիս Ղարսլյանը։

Սեփական բիզնես բացելու առաջին փորձը նա արել է 2015թ.-ին: Բորիսը մասնակցել է «Արտադրի՛ր Վրաստանում» դրամաշնորհային ծրագրին, շահել է 5000 լարի, գնել տեխնիկա և սկսել աշխատել՝ լուսանկարել և տպել դրանք։ Բայց նա չկարողացավ մրցակցել շուկայում, քանի որ տեխնիկան մրցունակ չէր։

«Ինձ շատ չէին դիմում, քանի որ իմ տեխնիկան բարձր մակարդակի չէր, իսկ ես միջոցներ չունեի գնելու նորագույն տեխնիկա։ Քանի որ տեխնիկան հնացել էր, որակն էլ էր տուժում»,- ասում է Բորիս Ղարսլյանը։

Բորիս Ղարսլյանն ամուսնացած է, ունի 4 տարեկան որդի, կինն աշխատում է մանկապարտեզում, հազիվ են ծայրը ծայրին հասցնում։ Բորիսն ու իր ընտանիքն ապրում են ծնողների և եղբոր հետ։

«Ես այնքան չեմ վաստակում, որ ընտանիքս պահեմ և նորագույն տեխնիկայի մեջ ներդրումներ անեմ», – ասում է Բորիսը:

Բորիսն իր բիզնեսում ներդրումներ կատարելու համար փորձում է աջակցություն գտնել։ Անցյալ տարի նա մասնակցել է HEKS EPER հասարակական կազմակերպության մրցույթին, շահել տեխնիկայի ձեռքբերման դրամաշնորհ։ Ըստ ծրագրի, նա ստացել է 10000 լարի, ներդրել է իր 4000 լարին ու 14000 լարիով գնել պրոֆեսիոնալ տեսախցիկ, օբյեկտիվ, նկարահանումների համար նախատեսված լուսավորություն և եռոտանի (շտատիվ)։

«Սա նույնպես վերջին մոդելը չէ, բայց կարելի է պրոֆեսիոնալ համարել, և անմիջապես հաճախորդներն ավելի շատացան։ Թեև ես դեռ չեմ փակել իմ մասնաբաժինը, բայց հուսով եմ, որ կկարողանամ։ Ինձ հիմա էլ են պետք օբյեկտիվներ, բայց ես չեմ կարող միաժամանակ պահել ընտանիքս և գումար խնայել լավ տեխնիկա գնելու համար: Ծնողներս են օգնում ինձ։ Իմ աշխատանքում ես անընդհատ զարգանալու կարիք ունեմ։ Բայց գլխավորն այն է, որ ես արդեն սկսել եմ իմ սեփական բիզնեսը, ու այն դանդաղ, բայց զարգանում է, հուսով եմ այս անգամ կհաջողվի»,- ասում է Բորիս Ղարսլյանը։

Ախալքալաքի տեղական զարգացման խումբը (LAG) Ախալքալաքի մունիցիպալիտետում սկսել է գործել 2017 թվականին, ENPARD2 ծրագրի շրջանակներում: ENPARD-ը Գյուղի զարգացման և գյուղական համայնքների զարգացման եվրոպական ծրագիր է: Ծրագիրն Ախալքալաքում գործել է մինչև 2020 թվականի ապրիլը և երեք տարվա ընթացքում ֆինանսավորել 42 բիզնես նախագիծ։ Ֆինանսավորված ծրագրերի ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 2 մլն եվրո։ Նախագծերը ֆինանսավորելու համար միջոցներ է տրամադրել Եվրամիությունը։ 42 բիզնես նախագծերից մեծամասնությունը դեռ գործում է, յուրաքանչյուր նախագծում աշխատում է միջինը 3-4 մարդ:

«Արտադրի՛ր Վրաստանում» ծրագիրը գործում է 2015 թվականից։ Ախալքալաքի մունիցիպալիտետում այս ծրագրով ֆինանսավորվել են տասնյակ ծրագրեր։ «Արտադրի՛ր Վրաստանում» ծրագիրն ուղղված է միկրո և փոքր բիզնեսի զարգացմանը։ Այս ծրագրի դրամաշնորհը կազմել է մինչև 30 000 լարի։ Այնուամենայնիվ, որոշ պիլոտային շրջաններում (Իմերեթի, Ռաճա-Լեչխումի, Քվեմո Սվանեթի, Գուրիա և Կախեթի) ծրագիրն առաջին անգամ իրականացվել է 2022 թվականին ԵՄ համաֆինանսավորմամբ, այս դեպքում դրամաշնորհի գումարը կազմել է 40000 լարի։

Վրաստանում հասարակության հիմնական խնդիրը ընտանիքը կերակրելու համար գումար վաստակելն է, ինչի մասին վկայում է 2023 թվականին Վրաստանում անցկացված ուսումնասիրությունը։ NDI-ի ուսումնասիրության համաձայն, յուրաքանչյուր տասներորդ վրաստանի քաղաքացի չի կարող գումար վաստակել սննդի համար, իսկ յուրաքանչյուր չորրորդ քաղաքացի բավականաչափ վաստակում է սննդի համար, բայց չի բավարարում ավելիի համար: Իրավիճակն ավելի վատ է ազգային փոքրամասնություններով խիտ բնակեցված վայրերում, որտեղ հարցվածների մեկ քառորդը պայքարում է սեփական ընտանիքը կերակրելու համար: