Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Մաղաքիա վրդ. Ամիրյանը դիմել է ջավախցիներին, սփյուռքին, ինչպես նաև կարծախցիներին՝ Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցուն օգնություն ցուցաբերելու կոչով: Դիմումը հրապարակվել է այսօր երեկոյան Փոխանորդության ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

«Կարծախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցին մեր բոլորի օգնության պետքն ունի։ Անձրևաջրերը տանիքի անսարքության պատճառով, լցվում են եկեղեցի, ինչի հետևանքով էլ թուլանում են եկեղեցու պատերն ու հիմքերը։ Յուրաքանչյուրիս սրտագին պարտականությունն է միասնական աշխատանքով հոգ տանել Սուրբ Կարապետ եկեղեցու տանիքի վերանորոգման աշխատանքներին։ Ջավախքի ընդհանուր Առաջնորդական Փոխանորդությունը, Կարզախ գյուղի բնակիչների հետ միասին, շուտով կներկայացնի տանիքի վերանորոգման աշխատանքների համար անհրաժեշտ նախագիծն ու գումարի չափը, և բնակչության կողմից կազմված աշխատանքային խմբի և Ջավախքի Փոխառաջնորդության համատեղ ուժերով անհնարինը պետք է անենք եկեղեցու տանիքը վերանորոգելու համար։ Նկատի ունենալով նաև համավարակի պատճառով յուրաքանյուր բնագավառում առկա նյութական խնդիրները, այնուամենայնիվ յուրաքանչյուրիս սուրբ պարտականությունն է միջոցներ գտնելու եկեղեցու տանիքի նորոգության համար»,- ասվում է գրառման մեջ։

Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Մաղաքիա վրդ. Ամիրյանը Jnews-ի հետ զրույցում հավելել է, որ ինքն այս խնդրի մասին տեղյակ էր Ջավախքում ծառայության անցնելու օրվանից, բայց գործը բարդացել էր վերականգնման համար անհրաժեշտ ֆինանսավորման բացակայության պատճառով: Տեր Մաղաքիա վրդ. Ամիրյանը Ջավախքում ծառայության էր կանչվել 2019 թ.-ի ապրիլին:

Հիշեցնենք, որ ձյունն ու անձրևը, մեկ շաբաթից ավելի տևած վատ եղանակը և Կարծախ գյուղի եկեղեցու տանիքի հսկայական ճեղքերը կրկին առաջ բերեցին Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու անմխիթար վիճակի հարցը:

Անցած գիշեր Jnews-ը տեսանյութ է ստացել իր ընթերցողից՝ Վիտալի Բանգոյանից, որտեղ կան կադրեր Կարծախ գյուղի եկեղեցուց: Կադրերում ջուրը հոսում է եկեղեցու քարե առաստաղի ճեղքերից: Պատերը և սյուները ծածկված են մամուռով, իսկ սրբապատկերները՝ բորբոսով, այստեղ ամեն ինչ ջրի մեջ է:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ նյութերում՝

Կարծախի եկեղեցին ընկղմված է ջրի մեջ

Մամուռն ու ջուրը Կարծախի եկեղեցու մշտական հյուրերն են