Լոնդոնի ֆոնդային բորսայում վրացական բանկերի բաժնետոմսերի գները կտրուկ անկել են, ինչը մեծ աժիոտաժ է առաջացրել հասարակության շրջանում։ Մեր երկրում տեղի ունեցող քաղաքական լարված իրավիճակն սկսում է զգացնել տալ՝ հետագա բացասական ազդեցություններով հանդերձ:

Լարիի արժեզրկման ցուցանիշները փոխվում են րոպեների ընթացքում։ Այս պահի դրությամբ՝ լարիին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 4,57 թեթրիով, եվրոյի նկատմամբ՝ 5,7 թեթրիով։ Այսօր կայացած առք ու վաճառքի արդյունքում ԱՄՆ մեկ դոլարի պաշտոնական փոխարժեքը դարձել է 2,73 լարի, իսկ եվրոյի արժեքը՝ 2,96 թեթրի։ ։ Մայիսի 15-ի առք ու վաճառքի արդյունքում լարին արժեզրկվել է ավելի քան 40 արժույթի նկատմամբ։

Jnews-ը զրուցել  է ISFED-ի գործադիր տնօրենի տեղակալ Լևան Նատրոշվիլիի հետ, ով մեկնաբանում է ներկա իրավիճակը՝ նշելով, որ տնտեսական՝ այս պահին դեռ կարճատև ցնցումը, ուղիղ կապված է քաղաքական լարվածության հետ և արդեն հաստատված օրենքը երեկվանից զգացնել է տալիս իր ազդեցությունը:

«Հիմնականում այսպես է լինում, երբ որևէ երկրում վատ դեպքեր են տեղի ունենում։ Ռիսկերը մեծանում են և հասարակության շրջանում ևս խուճապ է տարածվում: Հնարավոր է, որ ապագայում Վրաստանի հանդեպ պատժամիջոցներ կիրառվեն, որի արդյունքներից մեկը կլինի այն, որ շատերը կփորձեն կապերը չեղարկել մեր երկրի հետ։ Իհարկե, սա դասական դեպք է, որը տեղի է ունենում ցանկացած պետությունում, որտեղ նմանատիպ քաղաքական փոփոխություններ են տեղի ունենում»:

Մեր այն հարցին, թե որ քայլերը կարող են նպաստել, որ կարճաժամկետ ցնցումներին չհաջորդեն երկարաժամկետ և ֆունդամենտալ բացասական փոփոխությունները, Նատրոշվիլին պատասխանում է՝ դրա համար անհրաժեշտ է, որ ներգրավված կողմերն այլևս չզգան այն վտանգները, որոնք այս պահին կան, այսինքն՝ խոսքը այստեղ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի չեղարկման և եվրաինտեգրացիայի պրոցեսին վերադառնալու մասին է: Նրա գնահատմամբ այս պահին ամեն ինչ կախված է կառավարությունից, թե ինչքանո՞վ կկարողանա նա իր քայլերը ճշգրիտ իրականացնել և կայունացնել շուկայի տատանումները:

«Այս օրենքի ընդունումը բոլորին է վերաբերվում և ազդում։ Այս պահին հիմնական ազդեցությունը զգում ենք լարիի արժեզրկման և ակցիաների անկման տեսքով, սակայն, ապագայում կարող է ավելի լուրջ հարվածներ լինել, օրինակ՝ կապիտալի դուրս հանումը երկրից, օտարերկրյա տոկոսային ներդրումների կրճատումը և այլն, իսկ Վրաստանը այնպիսի պետություն չէ, որը կկարողանա հեշտությամբ հաղթահարել և դիմանալ նմանատիպ ճգնաժամի»:

Հիշեցնենք, որ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը և Եվրահանձնաժողովը համատեղ հայտարարությամբ են արձագանքել «Գործակալների մասին օրենքի» երրորդ ընթերցմամբ ընդունմանը և ևս մեկ անգամ կոչ են անում կառավարությանը հետ կանչել օրենքը:

Մայիսի 14-ին, չնայած «Գործակալների օրենքի» դեմ զանգվածային բողոքի ակցիաներին և գործընկեր պետությունների քննադատություններին ու կոչերին՝ մերժելու օրենքը, «Վրացական երազանքի» խորհրդարանական մեծամասնությունը երրորդ անգամ ընդունեց «Գործակալների մասին օրենքը»։  Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խոստացել է, որ օրենքի վրա վետո կդնի, թեև խորհրդարանը կարող է վերացնել նախագահի վետոն պարզ մեծամասնությամբ: