Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը երրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։
Նիստի սկզբում հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին նշել է, որ պատգամավորներն այսօր երրորդ ընթերցմանը օրենքի նախագծում միայն խմբագրական դիտողություններ են արել։
Հանձնաժողովի նիստին ներկա պատգամավորները օրինագծի վերաբերյալ հարցեր, դիտողություններ, կարծիքներ չեն ունեցել և սատարել են նախագծին։ Նիստն ավարտվել է սկսվելուց մոտ մեկուկես րոպե անց։
Նշենք, որ հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել խորհրդարանի շուրջ ընթացող բազմամարդ ակցիաների ֆոնին։
Ցուցարարները վանկարկում են «ստրուկներ, ռուսներ»: Մեծամասնության անդամներին խորհրդարան են բերել Չիտաձեի փողոցից։
«Վրացական երազանքի» և «Ժողովրդի ուժը» կուսակցության պատգամավորները ստիպված են եղել օրենսդիր մարմին մտնել հանրահավաքի մասնակիցների՝ «ստրուկներ» և «ռուսներ» վանկարկումների ներքո։