Վրաստանի խորհրդարանի նախագահի կարգադրությամբ՝ մայիսի 13-ից Վրաստանի խորհրդարանում կգործի անվտանգության դեղին մակարդակ։ Մուտքը խորհրդարան սահմանափակ կլինի։

Մայիսի 13-ին «Օտարերկրյա գործակալների մասին» (Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին) օրենքի նախագիծը երրորդ ընթերցմամբ կքննարկվի խորհրդարանի իրավական հանձնաժողովում, իսկ երեքշաբթի օրը՝ մայիսի 14-ին, նախագիծը կներկայացվի լիագումար նիստին։ Այս մասին հայտարարել է Շալվա Պապուաշվիլին։

Թբիլիսիում բողոքի ակցիաները կվերսկսվեն այսօր՝ ժամը 22:00-ին, խորհրդարանի շենքի դիմաց։ Ցուցարարները «բողոքի գիշեր» են հայտարարել, իսկ առավոտյան մտադիր են ամոթի միջանցքով դիմավորել պատգամավորներին։

  • Լրատվամիջոցներից խորհրդարան մուտքը ազատ է միայն հեռուստաալիքների նկարահանող խմբերի համար, մնացածների համար մուտքը փակ է։
  • Մեկ ամիս առաջ Վրաստանի իշխող կուսակցությունը կրկին խորհրդարան է ներկայացրել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծ։ Այս ամենին զուգահեռ հայտարարություններ են հնչում՝ մեղադրելով արևմտյան հիմնադրամներին լրատվամիջոցների միջոցով Վրաստանում արմատականության և ծայրահեղականության ֆինանսավորման մեջ։ Եվրամիությունը հայտարարել է, որ օրինագիծը վտանգում է Վրաստանի հետագա եվրաինտեգրումը։
  • Վրաստանում արդեն մեկ ամիս է՝ բողոքի զանգվածային ցույցեր են ընթանում՝ պահանջելով չեղարկել օրինագիծը, ոստիկանությունը բերման է ենթարկել ավելի քան 100 ցուցարարի։
  • ԵՄ-ի և ԱՄՆ-ի կոշտ քննադատությունից հետո՝ ուրբաթ օրը, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն խոստովանել է, որ իշխանությունները, միջազգային գործընկերների աջակցությամբ, փոփոխություններ կմտցնեն վիճահարույց օրինագծում, երբ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո դնի օրինագծի վրա։ Ընդդիմությունն արձագանքելով իշխանության այս հայտարարությանը՝ ասել է, որ համաձայն չէ «կոսմետիկ փոփոխություններին» և պահանջում է օրենքի ամբողջական կասեցում։
  • Վրաստանի առաջատար բուհերի ուսանողները երկուշաբթի օրվանից դասադուլ են հայտարարել։ Երկուշաբթի օրվանից ուսանողները չեն մասնակցի դասերին և կմասնակցեն բոլոր բողոքի ակցիաներին։ Բողոքի ակցիաներին իրենց աջակցությունն են հայտնել նաև մի շարք ուսուցիչներ։ Արհմիությունները ևս հայտարարել են ամբողջ երկրում համընդհանուր գործադուլի պատրաստակամության մասին։