Չարենցավանի Վերածնունդի հրապարակից մայիսի 8-ի ժամը 13:00-ից շարունակվում է երթը դեպի Երևան՝ մեկնարկելով սահմանամերձ Կիրանցից և առաջնորդությամբ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի։
Ակցիային միացել են տարբեր, երբեմն հակադիր աշխարհաքաղաքական ուղղվածության ընդդիմադիր բազմաթիվ քաղաքական ուժեր, հասարակական գործիչներ, գիտության ու արվեստի գործիչներ։ Նրանք դեմ են Ադրբեջանի հետ պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակներում Հայաստանին միակողմանի զիջումներին, ընդհանրապես իշխանությունների քաղաքականությանը։
Այսօր երեկոյան ցուցարարները մտադիր են լինել Աբովյանում, որտեղ իրենց համախոհները կժամանեն նաև Հայաստանի երկրորդ քաղաքից՝ Գյումրիից։
Նշենք, որ շարժմանը կմիանա Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը, որն այժմ Շիրակի մարզից երթ է իրականացնում՝ դեպի Աբովյան քաղաք, որտեղ համատեղ քայլերթ կիրականացվի՝ դեպի Երևան։
Սրբազանը մի քանի անգամ շեշտել է, որ սահմանազատման գործընթացը չի կարող սկսել ու ավարտվել պատերազմի շանտաժով։
«Մենք ուզում ենք այս կեղծիքից, ստից, խաբեությունից, նվաստացումից փրկել բոլորին, ներառյալ այդ խաբողներին, նվաստացողներին: Ոչ թե պետք է լինի սահմանազատում և սահմանագծում, նոր դրան հաջորդի խաղաղության պայմանագիրը, այլ եթե խաղաղություն են ուզում դիմացը, պայմանագիրը հենց հիմա պետք է ստորագրի, որից հետո նոր պետք է սկսվի սահմանազատումը և սահմանագծումը։ Որևիցե քաղաքակիրթ երկիր չի կարող սպառնալ իր քաղաքացիներին պատերազմով և ստիպել գծել սահմանները։ Այս իշխանությունը, որը լծվել է չգիտես թե ում ծառայելուն, գնում է հենց այդ ճանապարհով՝ նախ սահմանազատում և սահմանագծում Ադրբեջանի ցանկությամբ, հետո նոր իբրև թե պատերազմի սպառնալիքը հետ մղի և հետո նոր խաղաղության պայմանագիր լինի»,- լրագրողների հետ զրույցում ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը:
Դեպի Երևան երթի մասնակիցները մտադիր են մինչև մայիսի 9-ի կեսօր հասնել Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակ՝ Հանրապետության հրապարակ և մանրամասն պահանջներ ներկայացնել իշխանություններին։