Բացի Թավշան Թափա լեռը կատարած ուխտագնացությունից, Խանդո գյուղում տարածված է նաև Ծռատոնը, որը Ջավախքում նշվում է ամեն տարի մայիսի 6-ին։ Անձրևոտ եղանակն այս տարի Խանդոյի բնակիչներին չխանգարեց ուրախությամբ նշելու այս տոնը։

Ծռատոնը խանդոցիների համար յուրահատուկ նշանակություն ունի: Ամեն տարի այս օրը գյուղի բնակիչները անկախ տարիքից հավաքվում են Սուրբ Գևորգ եկեղեցու մոտ, որն անվանում են «Ծռատոնի վանք»: Այս օրը գյուղում են հավաքվում երիտասարդներն ամբողջ շրջանից։

Ըստ ավանդության՝ Ծռատոնին 7 անգամ անձրև է գալիս։ Տեղացիներն ասում են, որ այս օրն առանձնահատուկ է, ինչ-որ բան անելիս պետք է շատ զգույշ լինել, հատկապես պետք է զգույշ լինեն նրանք, ովքեր տանը հղի կին ունեն։

«Այս ավանդույթը մեզ փոխանցվել է մեր ավագ սերնդից, որ այս օրը հղի կինը չպետք է աշխատի, քանի որ երեխան կարող է ծնվել արատով կամ մարմնի վրա նշան ունենալ: Օրինակ՝ տարիներ առաջ ազգականս հղիության ժամանակ մզել է շորը և գցել ուսին, երեխան ծնվել է ուսին խաչի տեսքով նշանով»,- Jnews-ին պատմեց Խանդո գյուղից տիկին Գոհարը:

Խանդո գյուղի «Ծռատոնի վանքի» հետ կապված լեգենդների մասին կարդացե՛ք այստեղ.

Խանդոյի Սուրբ Գևորգ վանքի հրաշագործ զորությունը (Video)

Ժողովրդական ոչ աշխատանքային օրը (Photo)